Կիպրոսի Լիմասոլ քաղաքում հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի հավաքականը փետրվարի 29-ին ընկերական խաղում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կանադայի նկատմամբ:
Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց անկյունայինի խաղարկման արդյունքում Կանադայի հավաքականի ավագ Քեւին Մաքկենան գլխի հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը՝ բացելով խաղի հաշիվը: Խփած գոլից հետո էլ կանադացիները մի քանի վտանգավոր գրոհներ անցկացրին, սակայն Հայաստանի հավաքականն աստիճանաբար սկսեց ավելի հետաքրքիր ու վտանգավոր գործել եւ խաղի 23-րդ րոպեին Մարկոսը Պիզելին մոտ 20 մետրից դիպուկ հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1:1: Առաջին խաղակեսում Վարդան Մինասյանի թիմը եւս մի քանի գոլային պահեր ունեցավ, սակայն հաշիվն անփոփող մնաց:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հիանալի գոլային պահ ունեցավ Յուրա Մովսիսյանը, սակայն հարձակվողի հարվածը շեղ ստացվեց:
66-րդ րոպեին Մովսիսյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ, շրջանցելով նրան, հարվածեց դարպասին, սակայն կանադացիների պաշտպանը մեծ դժվարությամբ գնդակը հանեց անկյունային, որի խաղարկումից հետո էլ գնդակը երկրորդ անգամ հայտնվեց կանադացիների դարպասում: Արտակ Եդիգարյանի ուժգին հարվածից հետո հորիզոնական դարպասաձողից հետ եկած գնդակը հայտնվեց Մարկոս Պիզելիի մոտ եւ բրազիլացին գրավեց դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ: Այս գոլից հետո Հայաստանի հավաքականի առավելությունն ակնհայտ էր եւ հայ ֆուտբոլիստները բազմաթիվ գոլային պահեր ունեցան, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում կանադացիների դարպասում:
Այնուամենայնիվ, հանդիպման ավելացված ժամանակում կանադացիները սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները փոխարինման մտած Արթուր Սարկիսովի նկատմամբ եւ մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց:
Գնդակին մոտեցավ Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը եւ դիպուկ հարվածով գրավեց դարպասը:
Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշած Արազը հիանալի հանդիպում անցկացրեց: Օզբիլիսն աչքի էր ընկնում վստահ եւ գեղեցիկ գործողություններով եւ ապացուցեց, որ կարող է մեծացնել Հայաստանի հավաքականի հարձակողական ներուժը:
Հանդիպումն ավարտվեց 3:1՝ հօգուտ Հայաստանի հավաքականի. գեղեցիկ խաղ, արժանի հաղթանակ:
Հայաստան - Կանադա՝ 3:1
Մաքկենա, 5(0:1), Պիզելի, 23 (1:1), 66 (2:1), Արազ Օզբիլիս 90 (3:1)- 11մ.
Հայաստան. 1.Ռոման Բերեզովսկի, 4.Սարգիս Հովսեփյան, 16.Վալերի Ալեքսանյան, 15.Հրայր Մկոյան, 17.Արտակ Եդիգարյան, 7.Արթուր Եդիգարյան, (3.Արթուր Յուսպաշյան, 77) 18.Հենրիխ Մխիթարյան, 23.Արազ Օզբիլիս, 20.Լեւոն Հայրապետյան, (9.Կամո Հովհաննիսյան, 90), 8.Մարկոս Պիզելի, 14.Յուրա Մովսիսյան (11.Արթուր Սարկիսով, 71)
Կանադա. 1.Միլան Բորյան, 2.Նիկ Լեջերվուդ, 3.Մայկ Կլուկովսկի, 4.Քեւին Մաքկենա, 13.Ատիբա Հատչինսոն, 10.Սիմեոն Ջեքսոն, 5.Ադամ Ստրայթ, 6.Ջուլիան Դեգուզման, 15.Դավիդ Էդգար, 11.Ջոշ Սիմպսոն, 9.Տուսեն Ռիկետս











