Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլում զինանոցի պայթյունի հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է 200 մարդ: Վնասվածքներ է ստացել շուրջ 1500 մարդ, նրանցից շատերի դրությունը ծանր է գնահատվում:

Թաղամասը, որտեղ գտնվում է զինանոցը, ըստ ականատեսների, համարյա ավերվել է, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի ռազմակայանում մարտի 4-ին տեղի էր ունեցել հզոր պայթյունների շարք, որի արդյունքում հրդեհ էր բռնկվել, որն էլ անցել էր ռազմակայանի հարեւան շենքերին: Բրազավիլի արեւելյան մասի շատ բնակիչներ փախել են իրենց տներից: 

Պայթյունները լսելի են եղել քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա` հարեւան Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Քինշասում, որտեղ Բրազավիլի պայթյունների հետեւանքով մի քանի տների ապակիները փշրվել են: Վնասվել է Բրազավիլում ՌԴ-ի դեսպանատան շենքը: Ավելի ուշ հաղորդագրություն էր ստացվել, որ հրդեհի եւ մյուս պայթյունների պատճառ է դարձել կարճ միացումը: