ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր` մարտի 6-ին, մամուլի ասուլիսում կրկին «փայլատակել է»` «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին խորհուրդ տալով «պորտից ներքեւ չխփել»:
Ի պատասխան, Արմեն Մարտիրոսյանն արձագանքել է, որ իրենք որտեղ էլ հարվածեն, ցավոտ է է լինելու, քանի որ իշխանությունների գործունեության արդյունքում խոցելի տեղերը շատ են:
Վարդան Այվազյանը խորհուրդ է տվել քննադատությունները թողնել մի կողմ եւ դրանք շարունակել ընտրություններից հետո, միաժամանակ նկատելով, որ ինքը գիտակցում է, որ ընդդիմությունը սուր հայտարարություններով ցանկանում է ընտրություններից առաջ դիվիդենտներ շահել:
«Հունիսին էլի ակումբում նստած կլինենք եւ այդ հարցերի շուրջ կխոսենք»,-ասել է Այվազյանը, հավելելով, որ ինքն ընտրություններից հետո 100 տոկոսով կլինի խորհրդարանում, իսկ «Ժառանգության» ներկայացուցչի մասին ոչինչ ասել չի կարող:
Լրագրողներն ասուլիսի բանախոսներից հետաքրքրվեցին, թե իրենց տեսնո՞ւմ են իրենց կուսակցությունների համամասնական ցուցակներում, ինչին Վարդան Այվազյանը դրական պատասխան է տվել, իսկ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգության» խորհուրդը կորոշի այդ հարցը, ինչից հետո Վարդան Այվազյանը շտապել է ինքն իրեն ուղղել, ավելացնելով, որ իր մասնակցությունն էլ կուսակցությունը կորոշի:











