Ժնեւում, մարտի 5-ին տեղի ունեցած կոնֆերանսից հետո Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Քալմի Ռեյի դեմքին տորթ են նետել փողոցում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», միջոցառումից հետո մի տղամարդ մոտեցել է նախկին նախագահին, մոտ 30 վայրկյան խոսել նրա հետ, այնուհետեւ պայուսակից հանել տորթը եւ շպրտել կնոջ դեմքին: Նախկին նախագահին հազիվ է հաջողվել ոտքերի վրա մնալ:
NEWSru.com-ը, վկայակոչելով շվեյցարական լրատվամիջոցները, նշում է, որ կատարվածի հեղինակը ոմն Էրիկե Դուգուն է, BCGE բանկի նախկին հաճախորդը, ով 20 տարի շարունակ տեղեկություններ է հավաքում այդ կառույցի մասին: Ժամանակին Քալմի Ռեյը ընդգրկված է եղել BCGE-ի ադմինիստրատիվ կազմի մեջ, ինչպես նաեւ 2000-ի դատական գործընթացի ժամանակ եղել է Ժնեւի կանտոնի ֆինանսների նախարար, իսկ գործը կապված էր բանկի հետ:
Նշվում է, որ տղամարդը մեղադրել է նրան Մարդու իրավունքների եւ ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի խախտման մեջ:











