Google-ը շնորհավորում է կանանց` մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր որոնողական համակարգը բոլորին դիմավորում է ավանդական տոնական դուդլով:

Հայտնի լոգոտիպում «G» տառը փոխարինվել է կանացի խորհրդանիշով, իսկ երկրորդ «o» տառի փոխարեն ծաղիկ է աճել, իսկ առաջին «o» եւ «e» տառերը հիշեցնում են հնդիկ կանանց ճակատի նշանը:

Այս տարի Կանանց միջազգային օրը նշվում է 101-րդ անգամ: Ամբողջ աշխարհում, բացի տոնակատարություններից, տեղի կունենան նաեւ հազարավոր լուրջ միջոցառումներ` նվիրված կանանց հիմնախնդիրներին:

Նյու Յորքի տեքստիլագործները 1857թ. մարտի 8-ին երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից եւ աշխատանքի վատ պայմաններից: Հենց այդ իրադարձությունն է ընկած տարիներ անց նշվելիք կանանց տոնի հիմքում:

Իրականում կինը մեծարվել է դեռ Հին Հռոմում: Այն ժամանակ տոնը կոչվում էր «ազատ ծնված կանանց տոն»:

1908 թ-ին, արդեն 1857թ. «դատարկ կաթսայի երթին» մասնակցած կանանց թոռները  նույն օրը պահանջեցին երեխաների աշխատանքի արգելք, աշխատանքի պայմանների բարելավում եւ կանանց ձայնի իրավունքի տրամադրում: Հաջորդ օրն Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հայտարարեց կանանց ազգային օր: 1910 թ-ին Կոպենհագենում, կանանց միջազգային համաժողովի ժամանակ Կլարա Ցետկինն առաջարկել է Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության: Ռուսաստանում այդ օրը նշվում է  1913թ-ից: Խորհրդային Միությունում մարտի 8 -ը համարվել է ոչ աշխատանքային 1965թ-ին: