Գյումրիում Տիգրանուհի Գեւորգյանին շատերն են ճանաչում: Նա Շիրակի մարզի միակ կին տաքսիստն է: Կանանց միամսյակի կապակցությամբ NEWS.am-ը որոշեց անդրադառնալ նաեւ նրան:
Տիգրանուհի Գեւորգյանը տաքսի է վարում արդեն 13 տարի: Մինչ այդ, գյումրեցի տաքսիստն աշխատել է գուլպայի ֆաբրիկայում, ապա, դուրս գալով աշխատանքից, որոշել է մեքենան դարձնել տաքսի ու շարունակել հոր գործը: Ու այսպես արդեն 13 տարի: 65-ամյա կին տաքսիստի խոսքով` ինքը սիրով է կատարում իր աշխատանքը, քանի որ դժվար, բայց միեւնույն ժամանակ հետաքրիր աշխատանք է.
«Մութ ժամանակ կնստին, կասեն բարեւ ախպեր ջան, բարեւ վարպետ ջան, հետո կտեսնին օր կին եմ, կասեն կներես…»,- ուրախությամբ է հիշում է կին տաքսիստը ու շարունակում, որ իր գործում երբեւե խնդիրներ չեն եղել. «Երբեք, համարյա, 90 տոկոսը ճանաչում են քաղաքում, էն ամենագինովցած մարդն անգամ նստել է ու որեւիցէ անգամ թույլ չի տվել որեւէ ավելորդ խոսք կամ բառ»:
Մասնագիտությամբ գուլպայագործ կինը, որն այսօր ճակատագրի բերումով դարձել է տաքսու վարորդ, չի բողոքում իր ճակատագրից: Իրեն համարելով երջանիկ մարդ, փառք է տալիս Աստծուն ու շարունակում երթեւեկել քաղաքով, շտապում է ավարտել հարցազրույցն ու արագ հասնել անհատական ուղեւորներին, որոնք տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր մարդիկ են:
Գյումրեցի միակ կին տաքսիստը թեպետ այդպես էլ չբացահայտեց, թե օրական որքան գումար է վաստակում, սակայն չբողոքեց իր աշխատածից, նշելով, որ ինքը այսպես էլ է երջանիկ:
Պատրաստեց Էդվարդ Արզումանյանը




Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի











