Տեղաբնիկների անզգուշության պատճառով Սլովակիայում այրվել է մշակույթի բացառիկ հուշարձանը` «Կրասնա Գորկա» ամրոցը:
Հրդեհի հետեւանքով միջնադարյան շինության տանիքն ամբողջությամբ քանդվել է: Երեք զանգերն անգամ հալվել են հրդեհից:
Սլովակիայի լրատվամիջոցների տեղեկություններով, հրդեհի պատճառը չոր խոտն է եղել, որն ամրոցի շրջակայքում այրում էին տեղաբնիկները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ տեղաբնիկ երեխաները չոր խոտի մեջ են նետել ծխախոտի մնացորդներ, ինչն էլ հանգեցրել է հրդեհի:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, ամրոցում վերջերս վերականգնողական աշխատանքներ են տարվել, որից հետո այն ներկայացվել է հասարակական լայն շերտերին:
«Կրասնա Գորկա» ամրոցը 13-րդ դարի շինություն է: Մինչեւ 1945-ն այն պատկանել է հունգարական արիստոկրատներին: Հայտնի ընտանիքները այդտեղ թաքնվում էին թաթար-մոնղոլական հարձակումներից: Այնուհետեւ ամրոցը ժառանգաբար անցել է հունգարական մի արիստոկրատ ընտանիքից մյուսին:
Այն համարվում էր Սլովակիայում պահպանված տեսարժան վայրերից մեկը: Այնտեղ է գտնվել միջնադարյան զենքների հարուստ հավաքածու:
Սլովակիայի մշակույթի նախարարության փորձագետների պնդմամբ, զենքների 90 տոկոսը պահպանվել է:











