ԱՄՆ-ի բնակիչներին արդեն մի քանի օր է հանգիստ չի տալիս լույսի տարօրինակ ցոլքը, որը երեւացել է մարտի 8-ի վաղ առավոտյան` Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում:

Արիզոնայում Fox News-ի մասնաճյուղը այդ առավոտյան նկարահանում էր իրականացնում քաղաքում ավտոմայրուղիների ծանրաբեռնվածության մասին` եթեր հեռարձակելով նկարահանումը մայրուղիներին տեղադրված տեսախցիկներով: Այն պահին, երբ հաղորդավարուհին պատմում էր մայրուղում իրադրության մասին, հորիզոնում հայտնվել է պայթյունի նմանվող պայծառ ցոլք: Սակայն ոչ կրակի լեզուներ են երեւացել, ոչ էլ ծուխ:

Այն բանից հետո, երբ հեռուստաալիքն այդ մասին հայտնել է առավոտյան լուրերում, տեղի ունեցածն սկսել են քննարկել ամբողջ նահանգում: Պնդում են, որ հեռուստադիտողները դարձել են ինչ-որ վերերկրային երեւույթի ականատեսներ, քանի որ ոչ ոստիկանությունում, ոչ փրկարար ծառայություններում ոչինչ չեն իմացել ոչ պայթյունի, ոչ հրդեհի, ոչ էլ էլեկտրացանցում որեւէ վթարի մասին:

Բուռն քննարկումներ են սկսվել համացանցում. առաջ են քաշվել տարբեր անհավանական վարկածներ` սկսած «Չակ Նորիսը ծխել է»-ից մինչեւ աշխարհի վերջ, եւ, իհարկե, ՉԹՕ: 

«Դա հերթական ՉԹՕ-ն է... այլմոլորակայինները գիտեն, որ մեր մոլորակի վերջը գալիս է, եւ ուզում են ավելի շատ տեղեկություն հավաքել մեր մասին, քանի դեռ այնքան էլ ուշ չի», - տեսագրության մասին մեկնաբանություն է գրել հեռուստադիտողներից մեկը: Մեկ ուրիշն էլ եզրակացրել է, որ խցիկը ֆիքսել է գնդաձեւ կայծակ, ընդ որում` ինֆրակարմիր տեսադաշտով, այդ պատճառով էլ այն արձանագրել է տեսախցիկը, բայց չեն տեսել մարդիկ:

Իսկ գործնականում ամեն ինչ ավելի տրամաբանական է. մարտի 12-ին քաղաքի կոմունալ ծառայությունները վերջապես հայտնել են, որ տեղի է Էլեկտրակայանի ունեցել սովորական վթար, հայտնում է Fox News-ը: