ՀՀԿ համագումարում հանրությանն ուղղված մեսիջները բազմաթիվ էին եւ բազմերանգ: Այս մասին, այսօր` մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով, եթե իշխանության մեջ ես, ուրեմն քո պատասխանտվությունը մեծ է, իսկ եթե ՀՀԿ-ի մեջ ես, ուրեմն ավելի մեծ է:
Անդրադառնալով ՀՀԿ նոր կարգախոսին` «Հավատանք, որ փոխենք», նա նշեց, որ 1990-ականներին երբ ուզում էինք անկախանալ, հավատացինք եւ անկախացանք: Հ. Սահակյանի խոսքով, իրենք փոխոփությունների հասնելու են ոչ ուրիշին սեւացնելով դիվիդենտներ շահելու հաշվին:
Ասուլիսին հրավիրված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր ոչ թե հանրությանը, այլ` ՀՀԿ-ականներին, ինչին Հովհաննես Սահակյանն արձագանքեց, որ եթե ՀՀԿ-ի համագումարն էր, ապա պետք է ՀՀԿ-ին ուղղված լիներ, ոչ թե` «Ժառանգությանը»: Այնուամենյանիվ, Լարիսա Ալավերդյանը ՀՀԿ-ի համագումարը նմանեցրեց Կոմունիստական կուսակցության համագումարներին, իսկ բառապաշարը, ըստ նրա տոտալիտար համակարգին բնորոշ էր:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Սերժ Սարգսյանի ելույթում ամենաշատ օգտագործվող բառերն էին «պետք է լինի» եւ «նոր» բառերը, ինչին ի պատասխան, Հ. Սահակյանն առաջարկեց քաղաքական գնահատականներ տալ երկրի նախագահի ելույթին: Նրա խոսքով, խոսքը կառուցվածքային, անձերի եւ մտածելակերպի փոփոխությունների մասին է եւ այդ առումով սա «բավականին լուրջ, հավակնոտ եւ վերածննդի հետ համամատվող» ելույթ էր:











