NEWS.am-ի hարցազրույց Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի նախագահ Թեւոս Իլիկչյանի հետ:
Խնդրում եմ, պատմեք, Ֆեդերացիայի եւ նրա գործունեության մասին:
Երբ Հայաստանում ԴՕՍԱԱՖ ակումբների գործունեությունը դադարեցվեց, եւ դրանց փոխարեն այլ ուժեր չստեղծվեցին, անհրաժեշտություն առաջացավ ստեղծել դրանք, քանի որ կար իրական սպառնալիք. չէ որ «ծերերը» մշտապես հեռանում են, իսկ երիտասարդները պատրաստ չեն: Արդյունքում, որոշվեց ստեղծել Ֆեդերացիան: Այժմ դա կենտրոնացած է Երեւանում` Նոր Հաճընի «Արզնի» աէրոդրոմում, եւ գործում է որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն: Հետագայում, երբ մեր դաշնությունը բավականաչափ ընդարձակվի եւ անցնի կոմերցիոն հիմքերին, կհայտնվեն ակումբներ, բայց դեռ դրա մասին խոսելը շուտ է: Ֆեդերացիայի աշխատանքի ուղղություններից մեկն է` բանակին օգնել նախազորակոչային երիտասարդության` դեսանտնիկների պատրաստման գործում: Վերջին շրջանում դրական տեղաշարժեր են նկատվում, եւ մեզ մոտ է հաճախում նախազորակոչային երիտասարդությունը: Բայց դեռեւս բանակում չի ստեղծվել կառույց, որպեսզի տղաները հենց իրենց մասնագիտացմամբ գնան: Եւս մեկ հանգամանք` սկզբունքը, որով զինվորները չեն կարող զինվորական ծառայություն անցնել տնից որոշակի հեռավորության վրա, բացասաբար է ազդում կադրերի պատրաստման գործընթացի վրա: Այլ կերպ ասած, Երեւանից եւ մոտակա շրջաններից զորակոչված տղաներն հարկ եղած տեղում չեն անցնում ծառայություն: Այդ հարցը դեռ բաց է: Դրա հետ մեկտեղ մենք առաջարկում ենք ակտիվացնել շրջանային ծառայությունները: Կարեւոր է, որ Հայաստանում հասկանում են այդ ուղղության զարգացման անհրաժեշտությունը, եւ այն, որ նման ֆեդերացիան` դա բանակի եւ հասարակության միջեւ լավագույն կապն է: Պրոֆեսիոնալ պատրաստության հետ զուգահեռ, կան նաեւ սիրողականներ, ովքեր ուղղակի ցանկանում են թռչել: Մենք տալիս ենք նրանց այդ հնարավորությունը: -Կա՞ն արդյոք տարիքային կամ այլ սահմանափակումներ նրանց համար, ովքեր ցանկանում են թռնել պարաշուտով:
Բժշկական հանձնաժողովի թույլտվությունը եւ 16 տարիքից բարձ: Իսկ ընդհանրապես, եթե օրգանիզմն առողջ է, կարելի է թռչել թեկուզ 80 տարեկան հասակում: Իմ պրակտիկայում դեպք է եղել, երբ թռել է 66-ամյա տատիկը: Դա եղել է դեռ խորհրդային շրջանում, 80-ական թվականներին: Տատիկը գյուղից էր: Մի անգամ աէրոդրոմ եկան տատիկն ու պապիկը: Պարզվեց, որ պապիկը տատիկին նվեր է արել մարտի 8-ի համար: Բժշկական հանձնաժողովը չկարողացավ որեւէ խնդիր հայտնաբերել եւ նրան թույլ տվեցին թռնել: Մի հույս կար, որ տատիկը կվախենա: Բայց նման բան չեղավ: Օդ բարձրացանք, իսկ տատիկը հարցնում է «թռնե՞մ արդեն»: Ասեցի` այո: Նա առանց տատանման թռավ: Բոլորը չգիտես ինչու պապիկին էին շնորհավորում: Հետո պապիկը մեզ հյուր հրավիրեց իրենց տուն: Երբ գնացինք, պարզվեց, որ նրանք վիճել են` տատիկը ցանկանում էր կրկին թռչել: Պապիկը նույնիսկ սպառնացել է, որ կամուսնալուծվի: Հետո պատմեցին, որ տատիկը շուտվանից էր ցանկանում պարաշուտով թռնել, իսկ պապիկը խուսանավել էր` պատասխանելով թոռներիդ կմեծացնես, կամուսնացնես հետո ինչ ուզում ես արա: Հենց այդպես էլ եղել է, եւ պապիկը ստիպված է եղել կատարել խոստումը, հատկապես այն դեպքում, երբ նրա խոստմանը ականատեսներ են եղել: Բազմիցս թռել են նաեւ սահմանափակ հնարավորություններով մարդիկ, այդ թվում իտալացի ընկեր Չիկոնեն: Նա դեսանտնիկ է եղել Իտալիայում եւ վնասվածք է ստացել թռիչքներից մեկի ժամանակ, հետագայում չկարողանալով շարունակել կարիերան: Մենք նրան կրկին թռչելու հնարավորություն տվեցինք եւ այդ պահին նա շատ երջանիկ էր:
Ո՞րն է այս մարզաձեւով զբաղվել սկսողների համար օպտիմալ տարիքը:
Պարաշյուտով թռիչքներ սկսելու համար օպտիմալը 16 տարեկանն է: Ավելի ուշ սկսում են մտածել այլ բաների մասին, եւ հազիվ թե պարաշյուտային սպորտը դառնա մասնագիտություն: Բացի այդ, տարիքի հետ պաշտպանական ռեֆլեքսներն ուժեղանում են: Սակայն գոյություն ունի վախ, որը մարդը չի կարող հաղթահարել, եւ դա վատ է, եւ կա վախ, որը մարդ հաղթահարում է ու ամեն ինչ անում է «խելքով», բնազդն այստեղ մի կողմ է քաշվում: Այդ իսկ պատճառով, ես ուրախանում եմ, որ մեզ մոտ ավելի տարիքով մարդիկ են գալիս ցատկելու`թեկուզ մի երկու անգամ: Ավիացիան մարդկային որակների հրաշալի ֆիլտր է: Վաղ թե ուշ կամ ավիացիան շտկում է մարդու թերությունները կամ մարդն է հեռանում ավիացիայից: Նրանք, ովքեր եղել են երկնքում, սկսում են հասկանալ կյանքի իրական արժեքները` դրանք հավատարիմ ընկերներն են, սերը հայրենիքի նկատմամբ...Երբ մարդուն ցույց ես տալիս կյանքի եւ մահվան սահմանը, նա սկսում է այլ կերպ վերաբերվել ամեն ինչին: Պատերազմով անցած մարդիկ դա գիտեն: Լինելով երկնքում, մոտ լինելով Աստծուն, այլ կերպ ես նայում կյանքին: Երկինքը սովորեցնում է գնահատել իրական բարեկամությունը, բոլոր գույներն ավելի պայծառ են դառնում: Պատահական չէ, որ մեր գործընկեր կանայք` օդաչուներն ու պարաշյուտիստները, հրաշալի կանայք են ընկերներ են լինում, դառնում «երկրորդ օդաչու»:
Պատմեք մի փոքր ինստրուկտորական կազմից
Մեր ինստրուկտորական կազմը, դրանք Հայաստանի տղամարդկանց եւ կանանց պարաշյուտային սպորտի հավաքականի նախկին անդամներն են: Ամենալավ ինստրուկտորներից են Հայաստանի հավաքականի նախկին ներկայացուցիչներ Համբարձում Սարգսյանը, Քրիստինա Իլիկչյանը, Լարիսա Սարգսյանը: Նրանցից յուրաքանչյուրն իր ակտիվում շուրջ 2 հազար թռիչք ունի եւ ավելի քան 10 տարվա ինստրուտորական ստաժ: Դա հիմք է, որի շուրջ կահավքում են երիտասարդ ինստրուկտորներ:
Շա՞տ աղջիկներ են գալիս ֆեդերացիա:
Շատ, նույնիսկ ավելի շատ, քան` տղամարդիկ: Եվ միշտ էլ այդպես է եղել: Հիշում եմ, որ երբ նախկինում օդանավերի պիլոտավորման կուրսեր կային, լինում էին նուրբ աղջիկներ եւ դժվարությամբ էիր հավատում, որ նա քիչ առաջ վիրաժից է վերադառնում: Պարզապես ավիացիան, պարաշյուտային սպորտը երիտասարդներին սեփական ուժերին հավատալու հնարավորություն է տալիս: Դա ամենագլխավորն է, իսկ երբ դու բացում ես դուռը եւ ներքեւ նայում, իսկապես հասկանում ես, որ թռիչքը կատակ բան չէ:
Հայաստանում օգտագործվո՞ւմ է տանդեմի համակարգը, երբ պարաշյուտով թռչում ես ինստրուկտորի հետ:
Տանդեմի ամերիկյան համակարգը մեզ մոտ չի օգտագործվում: Դա ապագայի խնդիր է, դրան մենք դեռ կհասնենք:
Ե՞րբ եւ ինչպե՞ս են երիտասարդները թռչում:
Թռչում ենք ուղղաթիռներից: Եթե համեմատենք օդանավերի հետ, ուղղաթիռից թռչելը մի փոքր հարմարավետ է. չի ցնցում, արագությունն է ցածր: Բայց առաջին թռիչքի համար այդ տարբերությունը չի զգացվում: Մենք ամսական մի քանի թռիչքներ ենք իրականացնում` օրական մի քանի անգամ:
Եղե՞լ են դեպքեր, երբ մարդն արդեն օդում հրաժարվի թռչելուց:
Եղել են: Երբեմն մարդը հասկանում է, որ պարաշյուտով թռչելն իր համար չէ: Ինչո՞ւ տանջել մարդուն եւ ինքդ էլ տանջվել: Լինում է, որ մարդը, պարզապես, իրեն վատ է զգում: Թռիչքին նախորդում է նախապատրաստությունը, որը տեւում է մեկ օր: Դրա մեջ մտնում է տեսական մասը, թռիչքի նկարագրությունը, պարաշյուտ հավաքելը, մարզասարքերով մարզվելը: Որքան շատ բան ես իմանում նախապատրաստության ընթացքում, այդքան ավելի հեշտ է օդում:

Ինչպե՞ս է վիճակը հագեցվածության առումով:
Մենք ներկա պահին ունենք տեխնիկայի վերջին խոսքին համապատասխանող սարքավորումներ: Մեր պարաշյուտները նոր են, սարքավորումները` թանկարժեք: Այս բոլորը ՊՆ-ինն է, մենք աշխատում ենք պայմանագրային հիմունքներով: Մենք, փաստացի ապահովում ենք անցումն ու կապը բանակի ու հասարակության միջեւ, անում ենք այն, ինչ անում էր ԴՈՍԱԱՖ-ը: Բայց ամենագլխավորը պրոֆեսիոնալ մարդկանց ներկայությունն է, դրա համար էլ բոլոր ջանքերն ուղղվում են երիտասարդ սերնդի շարքերում պրոֆեսիոնալների դաստիարակությանը:
Մենք հիմա գործում ենք էնտուզիազմով եւ կարծում ենք, որ հիմա այսպես ավելի ճիշտ է, քան անցնել առեւտրային հիմքի: Ընդհանուր առմամբ, այս սպորտաձեւի զարգացման առումով, մենք, իհարկե, հետ ենք մնում Եվրոպայից եւ Ռուսաստանից: Բայց այն, որ մենք կանք Հայաստանում, շատերին է զարմացնում, քանի որ բոլոր դեպքերում, սա համարվում է էլիտար սպորտաձեւ:
Զրուցեց Մարիամ Լեւինան











