Շվեյցարիայում այս գիշեր ավտոբուսի վթարից զոհված բոլոր երեխաները Բելգիայից են եղել: Նրանք Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրից վերադառնում էին հայրենիք:

Շվեյցարիայում Բելգիայի դեսպան Յանա Լեյքսի տվյալներով, բոլոր մահացած երեխաները բելգիական Հեվերլե եւ Լոմել քաղաքներից էին եւ մեկ շաբաթ անցկացրել էին Վալ դ’Անիվյե հովտում գտնվող լեռնադահուկային հայտնի հանգստավայրում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շվեյցարիայում վթարի արդյունքում 22 դպրոցական է զոհվել:

Վալե բնակավայրում վթարի է ենթարկվել զբոսաշրջային ավտոբուսը, որը ձմեռային տոնին մասնակցելուց հետո երեխաներին տանում էր տուն: Ընդհանուր առմամբ, զոհվել է 28 մարդ, եւս 24 երեխա վնասվածքներ է ստացել:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել А9  արագընթաց ավտոմայրուղում` Սիեր քաղաքի մոտակայքում: Ոստիկանության տվյալներով` ավտոբուսը բախվել է թունելի ձախ պատին, բախման ուժգնությունից այն հայտնվել է հանդիպակաց գոտում եւ հարվածել անվտանգության պատին, հաղորդում է BFM.RU-ն:

Թունելում ամբողջ գիշեր փրկարարական աշխատանքներ են իրականացվել: Վիրավորներին ստիպված են եղել հիվանդանոցներ տարհանել ուղղաթիռներով: Ամենածանր վնասվածքներ ստացած երկու տուժածների հասցրել են Լոզանի համալսարանի հիվանդանոց, Եւս մեկին` Բեռնի համալսարանի:

Բելգիայի դեսպան Յանա Լեյքսը շտապ մեկնել է Սյեր, որպեսզի այնտեղ հանդիպի զոհվածների հարազատներին: