Բելգիայում համազգային սուգ է հայտարարվել Շվեյցարիայում բելգիական դպրոցական ավտոբուսի կործանման կապակցությամբ:
Վթարը 28 մարդու կյանք է խլել, այդ թվում` 11-12 տարեկան 22 երեխաների:
Բելգիայում բոլոր պաշտոնական միջոցառումներն այսօր եւ վաղը սկսվելու են լռության րոպեով: Լռության րոպեով են սկսել աշխատանքը նաեւ Շվեյցարիայում, եւ Եվրախորհրդարանում: Զոհերի հարազատներին ցավակցել են Եվրոպական խորհրդի նախագահ, բելգիացի Հերման վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:
Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն առաջիկայում կմեկնի ողբերգության վայր, իսկ ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսը վերահսկում է ճգնաժամային կենտրոնը` օգնություն ցուցաբերելու համար: Վերջին տվյալներով, վթարից տուժածների 116 հարազատներ ռազմական ինքնաթիռով մեկնել են Ժնեւ: Նրանց օդանավակայանում ճանապարհել են Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդն ու թագուհի Պաոլան:
Ծնողների մեծ մասը տեղեկություններ չունի` կենդանի են իրենց երեխաները, թե` ոչ: Մի քանի տուժածներ միայն կարողացել են կապվել իրենց ծնողների հետ վթարից հետո:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկություններով, ավտովթարի զոհ են դարձել ֆլամանդական Էվերլե ու Լոմմել քաղաքների դպրոցների աշակերտները: Ավտոբուսում ընդամենը 52 մարդ է եղել, 28-ը զոհվել է, իսկ 24-ը` վիրավորվել:











