ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը ուրախ է, որ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի նման տրամաչափի գործիչներ կարող են հայտնվել ՀՀԿ–ի ցուցակում։  Այս մասին, այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը` շեշտելով, որ ինքը նրանց համարում է հայրենասեր մարդիկ։

Հիշեցմանը, թե նրանք ժամանակին Սերժ Սարգսյանի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացրել, պատգամավորը պատասխանեց, որ «ցանկացած մարդ իր կյանքում սխալվում է, կամ նրան սխալ տեղեկություն են տալիս, եւ Դալլաքյանին ու Գեղամյանին ժամանակին թերեւս սխալ տեղեկություն են տված եղել»:

«Պատկերացրեք հանկարծ հայտնի կեղծարար Ջհանգիրյանի նման մեկը հայտնվեր, ինչ վատ բան կլիներ, նա 1995-ից հայտնի է ընտրություններում կեղծիքներով»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Նա շատ բարձր է գնահատել նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու քայլը եւ նշել, որ դա պատիվ է բերում բոլորիս: Ռուբեն Հայրապետյանը նրան համարում է մեր երկրի լավագույն մտավորակններից մեկը:

Նշենք, որ  վերջին շրջանում ՀՀկ-ին են անդամագրվել մի շարք  հայտնի մարդիկ, ինչպես օրինակ` երգչուհի Շուշան Պետրոսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Լուսանկարրը` Սոնա Բարսեղյանի