Շտապողականություն են դրսեւորում այն քաղաքական ուժերն ու անհատները, որոնք կասկածներ ունեն «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների` միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության արտահերթ 2-րդ համագումարից հետո կայացած ասուլիսում հայտնել է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք հաստատակամ ենք մեր գործունեությամբ եւ շտապելու կարիք չկա»,- նշեց նա:
Մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, թե միասնական ցուցակի շուրջ տարաձայնություններ կան, Քոքոբելյանը նշեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ քննարկումների ժամանակ նման խնդիր չի եղել եւ կարող եմ պնդել, թե «Ազատ դեմոկրատներում», թե «Ժառանգությունում» հավաքվել են մարդիկ, որոնք վեր են կուսակցական նմանատիպ հավակնություններից»:
Քոքոբելյանը դժվարացավ ասել, թե երբ կլինի վերջնական որոշումը, որովհետեւ խնդիրներ կան որոնք պետք է հստակեցնել: «Ի նկատի ունեմ զուտ տեխնիկական խնդիրները, այլ ոչ բովանդակային»,- պարզաբանեց Խաչատուր Քոքոբելյանը եւ հավելեց. «Մենք այն գործիչներն ենք, որ մեր ապրած կյանքով միշտ ընդունել ենք իրավահավասարության սկզբունքը»:
«Ազատ դեմոկրատների» առաջնորդը նշեց, որ իրենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էլ են քննարկել, որ ցուցակում, բացի անդամներից, ընդգրկվեն նաեւ հասարակական ակտիվիստներ, որոնք «ոչ պակաս ներդրում ունեն այսօրվա քաղաքական կյանքում»:











