Իռլանդիայում, ինչպես նաեւ աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ իռլանդացիներ են բնակվում, երեք օրվա ընթացքում մի շարք միջոցառումներ կանցկացվեն` նվիրված Սբ Պատրիկի օրվան: Հիմնական միջոցառումը կլինի Դուբլինի կենտրոնում կայանալիք շքերթը:
Երթը գլխավորելու են իռլանդական ֆուտբոլի լեգենդ Ջոն Գիլիսը եւ Դուբլինի քաղաքապետ Էնդրյու Մոնտագյուն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սկզբում տոնը նշում էին միյան իռլանդացիները, իսկ ԱՄՆ-ում եւ Կանադայում` իռլանդացի ներգաղթյալները, սակայն հետո այն դարձավ անգլախոս աշխարհի, իսկ այնուհետեւ` ողջ Եվրոպայի մշակույթի մի մասը: Ընդունված է նշել, որ այդ օրը «յուրաքանչյուրը մի քիչ իռլանդացի է դառնում»:
Սբ Պատրիկը Իռլանդիայի հովանավորն է, այդ երկրում առաջին քարոզիչներից մեկը: Տոնի պաշտոնական խորհրդանիշը երեքնուկն է: Այդ օրը կազմակերպվում են երաժշտական եւ գարեջրային երեկոներ, որոնց ժամանակ մատուցվում է կանաչ գարեջուր:
Այս տարի Իռլանդիայի կառավարության 17 նախարարներ եւ պետնախարարներ կուղեւորվեն այն երկրներ, որտեղ խոշոր իռլանդական համայնքներ կան` ԱՄՆ, Կանադա, մեծ Բրիտանիա եւ Ավստրալիա: Համաձայն ավանդույթի` երկրի վարչապետ Էնդա Քենին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային երեքնուկներով գավաթ կնվիրի:











