Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր` մարտի 17-ին, Երիտասարդական 9 կազմակերպությունների մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` հիշեցնելով, որ Բաքվի քաղաքապետարանը թույլատրել էր հանրահավաքի անցկացումը: Հանրահավաքին մասնակցել են Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների` «Ժողովրդական ճակատ»-ի եւ «Մուսավաթ»-ի երիտասարդական կառույցները, ինչպես նաեւ մի շարք երիտասարդական կազմակերպություններ, ինչպիսիք են «Դաղլա» («Ալիք»), «Ազադ գանջլիք» («Ազատ երիտասարդություն») եւ այլն:

«Ազադլըգ»-ի հաղորդմամբ, ադրբեջանցի երիտասարդները փողոց են դուրս եկել` կոչ անելով իշխանություններին ազատ արձակել ձերբակալված կրոնական գործիչներին եւ հոգեւորականներին, վերջ տալ կաշառակերությանը: Նրանք հանդես են եկել «Ազատություն», «Ժողովրդավարություն»  կարգախոսներով:

«Հանրահավաքի պաշտոնական մասի ավարտից հետո, երիտասարդներից ոմանք սկսել են կիթառ նվագել: Արդյունքում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջամտել են եւ ձերբակալել հանրահավաքի երեք մասնակցի»,-եզրափակում է թերթը: