Իռլանդական սիրված տոնի` սուրբ Պատրիկի օրը, Կանադայի Լոնդոն քաղաքում նշել են զանգվածային անկարգություններով: Քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունների «բախտը շատ, շատ բերել է», որ ոչ ոք չի սպանվել:
Անկարգություններն սկսվել են Ֆանշո քոլեջի մոտ, երբ մի քանի ուսանողական երեկույթներ դուրս են եկել վերահսկողությունից:
Երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, Լոնդոնի ոստիկանություն եւ հրշեջ ծառայություն ահազանգ է ստացվել, որ ուսանողական Ֆլեմինգ Դրայվ թաղամասում հրդեհ է բռնկվել: Երիտասարդները փողոցում խարույկ են վառել: Դեպքի վայր ժամանած հրշեջների վրա հարբած ուսանողները գարեջրի շշեր, աղյուսի կտորներ, փայտեր են նետել, հաղորդում է NEWSru.com-ը:
Իսկ երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժերը, ամբոխը նրանց դիմավորել է ոչ պակաս ագրեսիվությամբ: Ուսանողներին հաջողվել է գրավել տեղի CTV News հեռուստաընկերության ֆուրգոնը, որը շուռ են տվել ու վառել:
Ամբոխի հիմնական մասին ոստիկանները կարողացել են հանդարտեցնել արցունքաբեր գազով, սակայն ոստիկանները ուսանողական թաղամասում են մնացել մինչեւ լուսադեմ: «Տոնակատարության» արդյունքում այրվել է 17 ոստիկանական մեքենա, իսկ քաղաքին հասված վնասը կազմել է 100 հազար դոլար: 11 մարդ կալանավորվել է:











