Ճիշտ քարոզարշավի եւ ծրագիրը հնարավորինս մատչելի ներկայացնելու դեպքում, ՀՀԿ-ն հնարավորություն ունի հավաքելու լուրջ քվե եւ խորհրդարանում մեծամասնություն կազմել: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը ընտրվել է մեկ սկզբունքով, կա նախընտրական ծրագիր, որը շարունակում է այն բարեփոխումների կուրսը, որն սկսել է 2007 թվականից նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ըստ Շարմազանովի, այս տարիների ընթացքում իրականացրել են բազմաթիվ բարեփոխումներ եւ, եթե ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին ամրապնդել են պետության հիմքերը, ապա առաջիկա տարիների ընթացքում բարեփոխումների առանցքում պետք է լինի քաղաքացին եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա այն էական փոփոխությունը, որն ակնկալում է: Իսկ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ովքեր կարող են իրականացնել այդ բարեփոխումները:











