Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն այսօր` մարտի 22-ին, իր համամասնական ընտրացուցակը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով կմասնակցի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Համամասնական ցուցակը ԿԸՀ են ներկայացրել «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Նշենք, որ ներկայացված ցուցակում ներառված են նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Համամասնական ցուցակի առաջին 5-յակն ունի հետեւյալ տեքստ.
1. Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգության» առաջնորդ)
2. Խաչատուր Քոքոբելյան («Ազատ դեմոկրատների» նախագահ)
3. Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն»)
4. Ալեքսանդր Արզումանյան («Ազատ դեմոկրատներ», ԱԳ նախկին նախարար)
5. Ռուբեն Հակոբյան («Ժառանգության» փոխնախագահ)
Առաջիկա ընտրություններում «Ժառանգությունը» թեկնածուներ է առաջադրել նաեւ մեծամասնական ընտրատարածքներում:
Ստեփան Սաֆարյան (թիվ 1 ընտրատարածք)
Զարուհի Փոստանջյան (թիվ 4 ընտրատարածք)
Արմեն Մարտիրոսյան (թիվ 6 ընտրատարածք)
Ռուբեն Հակոբյան (թիվ 9 ընտրատարածք)
Անահիտ Բախշյան (թիվ 12 ընտրատարածք)
Ռոբերտ Շահբազյան (թիվ 20 ընտրատարածք)
Գագիկ Մարգարյան (թիվ 21 ընտրատարածք)
Գառնիկ Սահակյան (թիվ 30 ընտրատարածք)
«Ազատ դեմոկրատներից» մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չեն առաջադրվել:
«Ժառանգությունը» ներկայացված է ներկա խորհրդարանում 6 պատգամավորով: Այն հիմնադրվել է 2002 թվականին:
Կուսակցության առաջնորդը Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն է:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է 2011 թվականին, ՀՀՇ-ին նախկին ակտիվ անդամներից, որոնց թվում են Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:











