«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, այսօր` մարտի 22-ին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել համամասնական կարգով պատգամավորների թեկնածուների ցուցակը, որով մասնակցելու է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
ԲՀԿ համամասնական ցուցակը ԿԸՀ ներկայացրեց կուսակցության նախընտրական շտաբի քարտուղար Ռուբեն Մանուկյանը:
Կուսակցության քաղխորհուրդը դեռ մարտի 20-ի երեկոյան հաստատել է իր համամասնական ցուցակը, որի առաջին 5-յակն ունի հետեւյալ տեսքը.
1 Գագիկ Ծառուկյան
2. Վարդան Օսկանյան
3. Վարդան Վարդանյան
4. Գուրգեն Արսենյան
5. Սամվել Բալասանյան
ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված է 165 մարդ:
ԲՀԿ-ն ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ միասին իշխող կոալիցիայի կազմում է: Կուսակցության առաջնորդը հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանն է:
ԲՀԿ-ի նախընտրական կարգախոսն է. «Հավատա, վստահիր, պահանջիր»:
ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով եւս թեկնածուներ կառաջադրի տարբեր ընտրատարածքներում:
Ներկա խորհրդարանում ԲՀԿ-ն ունի 29 պատգամավոր: Կուսակցությունն ունի 3 նախարարական պորտֆել եւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը:











