Ֆրանսիայի ՆԳ նախարար Կլոդ Գեանը լրագրողներին հայտնել է, որ թուլուզյան հրաձիգ Մոհամեդ Մերան սպանվել է: Նրա խոսքով, ահաբեկիչը սպանվել է ոստիկանության գրոհի ժամանակ, դաժան փոխհրաձգության ընթացքում: Մոհամդե Մերան կրակելով թռել է պատուհանից. Նրան գտել են մահացած, պարզաբանել է Գեանը BBC-ի եթերում:

Բացի այդ, նախարարը հայտնել է, որ հատուկ գործողության ընթացքում 2 ոստիկան է վիրավորվել: «Մեկը վիրավորվել է ոտքից, երկրորդը` հոգեբանական շոկ է տարել», հաղորդում է Gazeta.ru-ն:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին` Թուլուզում հատուկ գործողության ավարտի կապակցությամբ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի գիշերը Ֆրանսիայի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը սկսել է 24-ամյա ծայրահեղականին բռնելու գործողությունը, ով կասկածվում է դպրոցականների եւ զինվորականների սպանության մեջ:

Մոհամեդ Մերան ալժիրական արմատներով ֆրանսիացի է, ով իրեն համարում էր մահմեդական մոջահետ եւ ահաբեկչական «Ալ-Կաիդա» խմբավորման անդամ: «Նա ցանկացել է վրեժ լուծել պաղեստինցի երեխաների մահվան համար եւ վրեժ լուծել ֆրանսիական բանակից արտասահմանում տեղի ունեցած գործողություններին մասնակցելու համար»,-ասել է Գեան:

Մերան կասկածվում է Թուլուզում  7 մարդու սպանության մեջ. մարտի 11-ին Թուլուզում սպանվել է դեսանդտային զինվոր, մարտի 15-ին եւս երկու զինվորական է սպանվել Մոնտոբանում, մեկն էլ վիրավորվել է: Եվ վերջապես, մարտի 19-ին, զինված տղամարդը մոտեցել է Թուլուզի հրեական քոլեջին եւ գնդակահարել երեք երեխաների եւ ուսուցչին: