Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այսօր` մարտի 22-ին, ժամը 16:50-ին-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր համամասնական ընտրացուցակը: Այն ԿԸՀ է ներկայացրել Հայ ազգային կոնգրեսի լիազոր ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանը: Նրա խոսքով, իրենց համամասնական ցուցակում կա 120 անուն: 120-րդ տեղում ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանն է:
Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին հնգյակում ընդգրկված են նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո: 2008թ. օգոստոսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հռչակեց ընդդիմադիր կառույցի ստեղծման մասին: ՀԱԿ-ին մաս են կազմում 18 կուսակցություններ եւ քաղաքական ուժեր:
Հայ ազգային կոնգրեսը թեկնածուներ է ներկայացրել նաեւ մեծամասնական ընտրակարգով: Մասնավորապես առաջադրվել են Վլադիմիր Կարապետյանը (թիվ 2 ընտրատարածք), Արամ Մանուկյանը (թիվ 4), Վահագն Խաչատրյանը (թիվ 8), Լեւոն Զուրաբյանը (թիվ 9), Ռազմիկ Պետրոսյանը (թիվ 14), Մկրտիչ Սափեյանը (թիվ 15), Սասուն Միքայելյանը (թիվ 25) եւ այլք:











