«Բրգաշինարար» Սերգեյ Մավրոդիի կողմնակից Տատյանա Լագունը ինտերնետում տեսաուղերձ է զետեղել, որում Մավրոդին, ով մեկ օր առաջ փախուստի էր դիմել Բոտկինի հիվանդանոցից` իր հետ տանելով սրտի սարքավորումը, հայտնում է, որ մտադիր է անհետանալ մինչեւ ապրիլի 9-ը:
Բանն այն է, որ Մավրոդիին դատարանում սպասվող հայցերի վաղեմության ժամկետն ավարտվում է հենց ապրիլի 9-ին: Դատական նիստը նշանակված է մարտի 22-ին, եւ Մավրոդին խոստացել է ներկայանալ, եթե առողջությունը թույլ տա: Դատարանը նիստը հետաձգել է մինչեւ մարտի 30-ը, եւ կատարածուները պետք է հարկադիր կարգով Մավրոդիին հասցնեն դատարան:
«Ի՞նչ եք վախեցել: Մտածո՞ւմ էիք, թե Լատվիա եմ գնացել: Ուղղակի կյանքն է այդպիսին: Ժամկետը լրանում է մարտի, չէ, ապրիլի 9-ին: Բոլոր այդ ապուշ գործերով: Ուստի պետք է ողջամիտ լինել: Պատերազմում, ինչպես պատերազմում»,- ասել է Մավրոդին: Նա խոստացել է տեսաուղեւրձներ հղել մինչեւ ապրիլի 9-ը, իսկ «ՄՄՄ-2011» ընկերությունը ղեկավարելու է նրա տեղակալ Ալեքսանդր Կոլբասովը:











