«Ժառանգության» համամասնական ցուցակը Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցակը չէ, եթե դա նրա ցուցակը լիներ, ապա ինքը կհայտնվեր քսաներորդ տեղում, իսկ երիտասարդները եւ պատգամավորները՝ շատ ավելի առաջ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ցուցակի նախագիծը եղել է իրենը, բայց բազմաթիվ խորհրդակցություններ են եղել, նա ներկայացրել է ցուցակը՝ որպես ընդհանուր քննարկման, քննադատման խնդիր:
Նրա խոսքով՝ միասնական ցուցակում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տեղերը որոշել է հենց այդ կուսակցությունը: Նրա կարծիքով՝ «Ժառանգության» ցուցակն իր բովանդակությամբ մեկ տարի առաջ իր հացադուլի շարունակությունն է:
Անդրադառնալով միասնական ցուցակի հրապարակումից հետո «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանի՝ կուսակցությունից դուրս գալուն, նա նշեց, որ ցավում է, որ «ցուցակի նախնական, սեւագրային հրապարակումից հետո, մեր կուսակցության վարչության քարտուղարը Կարինե Հակոբյանն այնքան սուր ընկալեց պահը, որ անհրաժեշտ համարեց հեռանալ ոչ միայն ցուցակից, այլեւ` կուսակցությունից»: «Սա մեր համար կորսուտ է, բարձր եմ գնահատում Կարինեի պարկեշտությունը, բարձրությունը, ես խնդրեցի մնալ կուսակցությունում եւ պայքարել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց մեջ միշտ եղել է ազատ գաղափարների, այլընտրանքային լուծումների առաջարկություններ: Նրա խոսքով՝ Կարինե Հակոբյանի պահվածքի եւ խոսքի մեջ գնահատելի էր այն, որ «ինքն իր մեջ ուժը գտավ բացահայտելու եւ հայտարարելու, որ ինքը շատ ավելի հասարակական ոլորտի գործիչ է, քան` քաղաքական»:
Րաֆֆի Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ Կարինե Հակոբյանը մեծ ծառայություններ կմատուցի մեր երկրին, մեր հասարակությանը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ զանազան տեղեկություններին՝ իր պատվեր ստանալու մասին եւ ասաց. «Եթե որեւէ մեկը տարակուսում է կամ կասկած ունի, իմ պատվերը գալիս է իմ խղճից, իմ հավատից եւ իմ սիրուց եւ ուրիշ ոչ մի տեղից: Շատ անգամ նրանք, ովքեր խոսում են պատվերներից եւ ուրիշ հավատաքննությունից, իրենք վտանգի տակ են պատվերների տակ ընկնելու եւ հավատաքննվելու»:











