Վերջին օրերի ընթացքում ցանցում հիթային է դարձել այն տեսագրությունը, որտեղ Նիդե8լանդների բնակիչ Յարնո Սմիթսը` «թեւավոր մարդը», թռչում է օդում ինքնաշեն թեւերով:

Թռչունի նման թեւերը թափահարելով, նա թափ է հավաքում եւ թռչում օդում` զմայլվելով գեղեցիկ տեսարանով: Այնուհետեւ նա վայրէջք է կատարում:

Սմիթսը պնդում է, որ իր թեւերը մշակել է կոնստրուկտորական գրասենյակի եւ մի շարք ինստիտուտների աջակցությամբ: Սարքի կառուցվածքը բարդ չէ, իսկ թեւերի կառավարումը իրականացվում է Nintendo Wii խաղային համակարգի հիման վրա:

Այն բանից հետո, երբ տեսանյութը հայտնվել է համացանցում մարտի 19-ին, լրագրողներն արել են ամեն հնարավորը «թեւավոր մարդուն» «ջրի երես հանելու համար»: Հատուկ էֆեկտների մասնագետները եւս կասկածել են, որ դա կեղծիք է: Իսկ մի շարք ընկերություններ, որոնք հոլանդացու պնդմամբ, օժանդակում են իրեն, հայտարարել են, որ ոչ մի Յարնո Սմիթի էլ չեն ճանաչում:

«Թեւավոր մարդը» երկար չի տանջել հասարակությանը եւ հոլանդական հեռուստաընկերության եթերում մարտի 23-ին խոստովանել է, որ իր իսկական անունը Ֆլորիս Քայք է, եւ ոչ մի թեւերով էլ նա չի թռչել: Այդ թռիչքը Human Birdwings իր ինտերնետային նախագծի եզրափակիչ մասն է եղել, հաղորդում է NEWSru.com –ը: