Բեռնատարի վարորդը հրաշքով ողջ է մնացել` 60 մ բարձրությունից մեքենայով վայր ընկնելուց հետո:

Դեպքը տեղի է ունեցել Նորվեգիայում` երկրի մայրաքաղաք Օսլոյից 800 կմ հեռավորության վրա գտնվող Լեիրֆյորդի մոտ: Մի բեռնատար քարշակել է մյուսին ձյունապատ եւ սառցակալած լեռնային մայրուղով: Երկրորդ մեքենան, որն ունեցել է ամառային անվադողեր, սկսել է սահել ճանապարհին եւ իր հետեւից քաշել առաջին բեռնատարը: 

Քարշակող մեքենայի վարորդը տեսել է, որ երկու բեռնատարներն էլ սահում են դեպի անդունդի եզրը, եւ հասցրել է ցած թռչել վերջին պահին: Նրա գործընկերոջ բախտը չի բերել. նա մեքենաների հետ գահավիժել է 60 մ բարձրությամբ անդունդից, հայտնւոմ է rbc-ն` հղում անելով տեսագրությունը ցանցում տեղադրած բլոգերի հաղորդագրությանը: 

Երկու բեռնատարներն էլ մի քանի անգամ շրջվել են, մինչեւ անդունդի հատակ հասնելը:

Բեռնատարի վարորդին հրաշքով հաջողվել է ողջ մնալ ընկնելուց հետո, նա մի քանի կոտրվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել: Տուժածի վիճակը գնահատվում է կայուն: