Երեւանի քաղաքապետարանը բոլոր տնտեսվարողներին ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին կոչ է արել Ամանորին ընդառաջ մասնակցել քաղաքը գեղեցկացնելու գործընթացին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների ժամանակավոր պաշտոնակատար Արման Եդոյանը: Միջոցառումների շրջանակներում Հյուսիսային պողոտայում տեղի է ունենալու բրենդավորված Եղեւնիների ցուցահանդես: Այսինքն` կազմակերպությունները հնարավորություն են ունենալու եղեւնիները զարդարել իրենց ոճային առանձնահատկություններով եւ մատուցել մեր քաղաքացիներին:

Ինչ վերաբերում է արտաքին ձեւավորմանը այս տարի դրա վրա շեշտադրում է արվել, որ քաղաքն ավելի գեղեցիկ լինի: Վերջում մոնիտորինգ կանցկացվի եւ քաղաքապետարանի կողմից կխրախուսվեն լավագույն ձեւավորողները` խոսքը տնտեսվարող սուբյեկտների մասին է: Ավելին` Հյուսիսային պողոտայում  դեկտեմբերի 14- մինչեւ հունվարի 15-ը տեղի կունենա ամանորյա տոնակատարությունների հետ կապված ապրանքների վաճառք: Արման Եդոյանը նաեւ տեղեկացրեց, որ քաղաքապետարանը Եղեւնիների եւ սոճիների բացօթյա վաճառքի համար 37 տեղ է հատկացվել` տարբեր վարչական շրջաններում: