Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչություն կազմակերպելու փորձի մեջ կասկածվող 62-ամյա եգիպտացու: Դրա մասին հայտնել է Bild-ը։
Ըստ պարբերականի՝ տղամարդը ծրագրում էր հարձակում գործել Փարիզի աշխարհահռչակ Աստվածամոր տաճարի վրա։
Ըստ Le Journal du Dimanche-ի՝ կասկածյալին ձերբակալել են մարտի 5-ին, սակայն դրա մասին լրավամիջոցներին հայտնի է դարձել միայն հիմա։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթում ահաբեկչության մեջ կասկածվող հինգ մարդ է ձերբակալվել։ Բոլոր կասկածյալները կապված են եղել ԴԱԻՇ («Իսլամական Պետություն») ահաբեկչական խմբավորման հետ։
Զատկի տոների կապակցությամբ Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել։
Ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է հայտարարվում, երբ ենթադրվում է, որ հարձակումն անխուսափելի է:
Ոստիկաններին հանձնարարվել է երկրի յուրաքանչյուր եկեղեցու առջև առնվազն մեկական ոստիկան կանգնեցնել:
Անցյալ հինգշաբթի ԴԱԻՇ-ի ներկայացուցիչ Աբու Հուզայֆա ալ-Անսարին կոչ էր արել շարունակվող Ռամադան ամսվա ընթացքում ամենուրեք հարձակվել ինչպես քրիստոնյաների, այնպես էլ հրեաների վրա:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները 2015 թվականի նոյեմբերին ջարդ են իրականացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում, որի հետևանքով «Բատակլան» համերգասրահում, ինչպես նաև ռեստորաններում և բարերում սպանվել է 130 մարդ և վիրավորվել ավելի քան 680 մարդ։
Մոտ մեկ շաբաթ առաջ ԴԱԻՇ-ի հավաքագրած ահաբեկիչները Մոսկվայում համերգի ժամանակ հարձակվել են մարդկանց վրա՝ սպանելով ավելի քան 130 մարդու։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Աֆղանստանում «Իսլամական Պետություն. Խորասանը»: