Ուրախալի է, որ խաղաղ գրոծընթացը շարունակվում է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոն՝ անդրադառնալով ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք ողջունում ենք վերջին քայլը եւ պայմանավորվածությունը սահմանազատման մասին։ Մի ինչ-որ ժամանակ գործընթացին միացել է նաեւ ԵՄ-ն, գործընթացին ակտիվորեն մասնակցել է ԵՄ Խորհրդի նախագահը, եւ կողմերը սկսել են կառուցողական աշխատել։ Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել գործընթացին»,- ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ սահմանազատման գործընթացը, որին, մանրամասների մեջ չխորանալով, աջակցել են տարբեր երկրներ եւ կազմակերպություններ, Ադրբեջանին Հայաստանի միակողմանի զիջումների գործընթաց է։ Առաջին փուլում Ադրբեջանին կանցնեն չորս գյուղեր, ինչի հետեւանքով Ադրբեջանին կանցնեն Տավուշի ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքները, Հայաստան-Վրաստան ճանապարհը, միակ գազատարը եւ ինտերնետ-մալուխը։ Ադրբեջանը փոխարենը ոչինչ չի տալիս, ներառյալ 2021թ. օկուպացված ՀՀ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքը, էլ չենք ասում առաջին պատերազմի ժամանակ օկուպացված հողերի մասին։ Հաշվի առնելով եվրապաշտոնյայի հայտարարությունը՝ գործընթացը տեղի է ունենում Բրյուսելի թելադրանքով։ Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել սերտ էներգետիկական կապերը եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի անձնական մասնակցությունը։