News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Ես չգիտեմ՝ ինչու են նման բան հայտարարել, այստեղ սահմանադրական կարգին սպառնալիք կա՞. Երեւի գործ է՝ անում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, դեպի Երեւան երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց երթն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՔԿ-ն նախազգուշացում-հորդորներ են տարածել՝ կոչ անելով չդիմել անօրինական, սահմանադրական կարգին սպառնացող գործողությունների:

Հարցին՝ ինչո՞ւ են գնում Հանրապետության հրապարակ, նա պատասխանեց. «Մենք պատասխան ունենք ստանալիք, պետք է ստանանք: Այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել այդ պատասխանն ստանալու»:

Սրբազանը նշեց, որ իրենց սպիտակ հագուստը հաշտության, խաղաղության, հաղթանակի  խորհուրդն ունի. «Մենք այդպես ենք սկսել՝ առանց գույնի եւ բոլոր գույներով:

Ցավոք սրտի, այս մարդիկ այնքան գաղափարից զուրկ են, այնքան մոլորեցնող են, այնքան ստախոս են, որ նույնիսկ սահմանը չկա: Մենք եկել ենք խաղաղ, հանգիստ, առանց ագրեսիայի, այսքան օրերին դուք որեւէ ագրեսիա, որեւէ կոչ տեսե՞լ եք: Մենք ասել ենք, որ գալիս ենք պատասխան ստանալու: Կտան այդ պատասխանը՝ կտան: Մնացածը դատարկաբանություն է, մեղք են իրենք, ամոթ է»:

Հարցին՝ ի՞նչ է լինելու եկեղեցու հետ, եթե այս շարժումը չհաջողի, Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Հիմա դրա ժամանա՞կն է: Եթե երկիրդ օրհասական վիճակում է, ժողովուրդդ ստորացած, նվաստացած, ամեն տեղից ելնողը քեզ պարտադրում է, թելադրում է, մեզ ի՞նչ է մնացել ասելու: Ասելու՝ ձեր թուրը եւ մեր պարանո՞ցը: Մենք գալիս ենք հանգիստ, խաղաղության ու հաշտության կոչով, ներելու պատրաստ, հաղթանակի տեսիլքով:

Ես բախումների վտանգ չեմ տեսնում, ինչու պետք է բախում լինի: Ես իրենց խորհուրդ կտամ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալուց եւ տուն գնալուց: Եթե որեւէ բախում տեղի ունեցավ, պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է  եւ իրենք են մեղավորը: Ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որեւէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որեւէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի  նկատմամբ: Դա լինելու է ձեր չգիտեմ ինչը:

Որեւէ ձեւով որեւէ հրահրում, որեւէ քայլ, որեւէ բռնություն, անօրինություն, ապօրինի հրաման անհանդուրժելի է լինելու: Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում: Մենք կանգնելու ենք ձեր դիմաց: Մեր ժողովուրդն անտեր չի, վախեցրել եք, սարսափեցրել եք, անզորության զգացում եք փոխանցել, հիմա ոտքի է կանգնել, իր իրավունքները, իր արժանապատվությունն է պահանջում:

Կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին, Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, հաց ու աղ ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ ձեզ, դուք էլ ինձ: Որեւէ ձեւով անօրինական որեւէ հրաման, հրահրում, առաջին պատասխանատուն դուք եք լինելու եւ ձեր անմիջական ղեկավարը: Բավական է: Դուք շատ լավ եք ինձ ճանաչում:

Եթե սա ձեզ համար կյանքի ու մահվան պատերազմ է սեփական ժողովրդի դիմաց, մեզ համար հաշտության, խաղաղության, արժանապատվության, հայրենիքի եւ պատվի երթ, շարժ ու պայքար է: Ցավոք սրտի, սա դարձել է ներքին պայքար, սա պետք է լիներ արտաքին թշնամու դեմ»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը:

Նա նաեւ հայտարարեց. «Մենք մնալու ենք այնքան, մինչեւ մեր նպատակն ու պահանջները իրականացվեն: Իսկ թե որոնք են այդ պահանջները, այսօր կլսեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ