News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այս պահին Հանրապետության հրապարակում է:

NEWS.am-ի հետ զրույցում նա անդրադառնալով սահմանազատման գործընթացին, ասաց. «Երբ ասվում է, որ որպես հիմք վերցրել ենք վերջին սովետական սահմանները, բայց չգիտես ինչու որպես հիմք չի վերցվում այն ժամանակ կառավարության նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի եւ Ադրբեջանի կառավարության նախագահի առաջին տեղակալի կողմից ստորագրված արձանագրությունները՝  պնդելով, որ դրանք հաստատված չեն: Այս իշխանություններին պետք է տալ ամենապարզ հարց՝ իսկ այն քարտեզները, որոնց վրա դուք եք հղում անում, ո՞վ է հաստատել: Երկրորդ հարցը, ՀՀ տարածքը սահմանված է օրենքով՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որտեղ հստակ, քարտեզի հետ կապված նկարագրված է  Հայաստանի տարածքը: Մեր օրենսդրության համաձայն, եթե մենք պետք է փոփոխություն կատարենք մեր տարածքի հետ կապված,  դա պետք է դրվի հանրաքվեի: Ոչ միայն նման քայլ չի արվում, այլեւ թաքցվում են այդ քարտեզները: Նման մանկամիտ, պարզունակ մոտեցմամբ փորձել խուսափել պատասխանատվությունից, կարծում եմ՝ անհեթեթ է: Այդպես պատասխանատվությունից խուսափել  երբեւէ չի լինի: Խնդիրները բազում են: Այս իշխանության կողմից կատարվող հակաիրավական քայլերը այնքան շատ են, որ անգամ չգիտեմ, թե որին պետք է անդրադարձ կատարեմ»:

Նա նկատեց, որ արտաքին հարաբերությունների դաշտում էական չէ, թե ինչ է տեղի ունենում քո երկրի ներսում. «Այսինքն այս կառավարությունը կարող է հանգիստ խախտել օրենսդրությունը, անշուշտ պատասխանատվության կենթարկվի ինչ-որ մի պահի), բայց միջազգային իրավունքի տեսանկյունից կատարված սխալը անդառնալի է»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր շարժվել է դեպի Երևան եւ հիմա մայրաքաղաքում է:

Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։

Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։

Տպել
Ամենաշատ