ՆԱՏՕ-ն կավելացնի իր դերը Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի ինտեգրման գործընթացում, ինչն ապագայում կհանգեցնի նրա լիիրավ անդամակցությանը, Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Հուլիսին Վաշինգտոնի գագաթնաժողովին շոշափելի քայլեր կձեռնարկենք՝ ուղղված հաստատուն, մարտունակ ուկրաինական ուժեր կառուցելու գործում ՆԱՏՕ-ի դերը բարձրացնելուն՝ միաժամանակ զորավիգ լինելով Ուկրաինան դաշինքին ինտեգրող ընթացիկ բարեփոխումներին»,- ըստ РБК Украина-ի՝ նշել է Բլինքենը: Նա ընդգծել է, որ այս բոլոր միջոցները կապահովեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ գործընթացն ինքնին արագ և հարթ պետք է լինի։
Պետքարտուղարը հավելել է, որ դա, միևնույնն է, դեռևս մուտքի պայմանների կատարում կպահանջի, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է տան իրենց համաձայնությունը։