News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 16-17-ը պետական ​​այցով Ադրբեջանում էր։ Բելառուսի ղեկավարն առաջին անգամը չէ, որ այցելում է մերձկասպյան հանրապետություն։ Նա պաշտոնական և աշխատանքային այցերով Բաքվում արդեն եղել է 2007-ի մայիսին, 2010-ի հունիսին, 2013-ի նոյեմբերին, 2015-ի հունիսին, 2016-ի նոյեմբերին և 2021-ի ապրիլին։

Ինչո՞ւ է այդքան կարևոր 2024 թվականի մայիսի ուղևորությունը: Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, ինչպես նաև նրա այցի մի շարք խորհրդանշական մանրամասներ չեն վրիպել արտաքին դիտորդների հայացքից։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Բելառուսի ղեկավարը ոչ միայն աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, այլ ղարաբաղյան երկրորդ պատերազմն անվանել է «ազատագրական»։ Ավելին, Լուկաշենկոն այցելել է Ֆիզուլի, որը վերջին տարիներին դարձել է Լեռնային Ղարաբաղի վերականգնման և Բաքվի իրավասությանը վերադարձված տարածքների ցուցափեղկը։

Ինչո՞ւ Բելառուսի ղեկավարը նման գնահատականները գերադասեց ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի հետ ֆորմալ միասնությունից։ Կարծում եմ՝ սա մի քանի պատճառ ունի։

Առաջին հերթին՝ տնտեսությունը. վերջին տասնամյակի ընթացքում երկու երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է։ Եվ առանձնապես հարկ է նշել ռազմատեխնիկական համագործակցության գործոնը։ Արդեն երկու տասնամյակ է, ինչ Բելառուսը Ադրբեջանին սպառազինության ամենակարևոր մատակարարների շարքին է դասվում։

Երկրորդ՝ ընդհանուր միջազգային իրավիճակը։ Բելառուսը Արևմուտքի կողմից կոշտ ճնշման է արժանանում: Նրա դեմ Ռուսաստանի առնչությամբ բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանվել։ Եվ Մինսկի համար կարևոր է ցույց տալ, որ Արևմուտքի դիրքորոշումը շատ չի կարևորում։ Այս առումով Բելառուսի ղեկավարությունը ողջունում է ցանկացած արտաքին հարաբերություն, հատկապես տնտեսական օգուտներ ապահովող հարաբերությունները։

Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առումով Ադրբեջանը ծանր ժամանակներ է ապրում։ Սա հատկապես վերաբերում է ադրբեջանական քաղաքականության ֆրանսիական ուղղությանը։ Բանը հասել է նրան, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրում է Նոր Կալեդոնիայում անջատողական ցույցեր հրահրելու մեջ։

2024 թվականի ապրիլին Փարիզը հետ է կանչել իր դեսպանին Բաքվից խորհրդակցությունների համար վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունների շարունակման առնչությամբ, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին։

Միևնույն ժամանակ, Բաքվի և Մոսկվայի՝ Մինսկի ամենամոտ դաշնակցի հարաբերությունները վերելք են ապրում։ Այս միտման հստակ վկայությունն էր ապրիլի 22-ին Իլհամ Ալիևի այցը Ռուսաստան։ Այս այդի խորապատկերում Մինսկն ու Բաքուն որոշակի «արժեքների ընդհանրություն» են գտնում:

Լուկաշենկոյի այցը հետխորհրդային երկրների արտաքին քաղաքական հետագծերի առնչությամբ թերևս ավելի շատ ընդհանուր հարցեր է առաջացնում։ Որքանո՞վ է անդամակցությունն ինտեգրացիոն կառույցներին երկկողմ հարաբերություններից կարևոր։ Թե՞ ազգային էգոիզմն է որոշում այս կամ այն ​​երկրի՝ նախկին ԽՍՀՄ հանրապետության ընթացքը։ Հարցեր, որոնք այսօր հստակ պատասխան չունեն»,- գրել է ռուսաստանցի փորձագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ