Մամուլում ապատեղեկություն է տարածվում, թե իբր ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի մարզում։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ։ Նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար:
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ, որոնք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակվել»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է եղել նաեւ Բագրատ Սրբազանը:
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել: