News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը տեղյակ է ԱՄՆ հայտարարությունների մասին եւ կարծում է, որ Վաշինգտոնը չպետք է նեղ մտածի Չաբահարի հարցում։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյան Ջայշանկարը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ Նյու Դելիի եւ Թեհրանի համաձայնագիրը Չաբահարի համատեղ շահագործման մասին ազատված չէ ԱՄՆ պատժամիջոցներից։

«Ես կարծում եմ, որ սա հաղորդակցության հարց է, եւ մարդիկ չպետք է նեղ մտածեն այս մասին»,- ասել է Ջայշանկարը Կալկաթայում ելույթի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ անցյալում ԱՄՆ-ը «բարձր էր գնահատում այն փաստը, որ Չաբահարը մեծ նշանակություն ունի», եւ Հնդկաստանը կաշխատի այդ նախագծի ուղղությամբ։

«Մենք վաղեմի կապեր ունենք Չաբահար նավահանգստի հետ, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում ստորագրել երկարաժամկետ համաձայնագիր։ Վերջապես կարողացանք կնքել այն։ Երկարաժամկետ համաձայնագիրն անհրաժեշտ է, որովհետեւ առանց դրա դուք չեք կարողանա իսկապես բարելավել նավահանգստի աշխատանքը։ Եվ մենք կարծում ենք, որ նավահանգստի աշխատանքը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին»,- ընդգծել է հնդիկ նախարարը։

Մայիսի 13-ին Հնդկաստանն Իրանի հետ համաձայնագիր է ստորագրել Չաբահար նավահանգստի կառավարման մասին, որով հարավասիական հանրապետությունն առաջին անգամ ստանձնում է արտասահմանյան նավահանգստի կառավարումը։ Համաձայնագիրը գործելու է 10 տարի եւ ավտոմատ կերպով կերկարացվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ