«Գոյ» թատրոնի անձնակազմի կողմից ընթացիկ ակցիաները ժամանակավորապես դադարեցվել են: Մենք դատական հայց ենք ներկայացրել՝ անվավեր ճանաչելու պետական ռեգիստրի կողմից թատրոնի պետական գրանցման չեղարկումը: Ապրիլի 5-ին դատարանը վարույթ է ընդունել այդ որոշումը: Հիմա մենք եկել ենք, դիմելու «Սունդուկյան» թատրոնի աշխատակազմին, որ երկօրյա ժամկետում բացի թատրոնի դուռը և թողնի, որ մարդիկ գան իրենց բնականոն աշխատանքին: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Գոյ» թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը:
Նրա խոսքով, դատական պրոցեսին զուգահեռ նախարարությունում սկսվել են քննարկումներ, և նաև բանակցություններին չվնասելու համար են թատրոնի աշխատակիցները ժամանակավորապես դադարեցնել ակցիաները:
«Կան քննարկումներ, որոնք ընթանում են դատական պրոցեսերին զուգահեռ, և միտված են խնդիրը ավելի շուտ լուծելուն: Որպեսզի բանակցությունները ողջամիտ ընթանան, մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել նստացույցը»,-ասաց փաստաբանը:
Կարո Ասատրյանը հիշեցրեց, որ աշխատակիցները հայտ էին ներկայացրել դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի պետռեգիստրի կողմից թատրոնի գրանցման չեղարկումը:
«Մեր խորհին համոզմամբ, պետռեգիստրում ապօրինի գրանցում է կատարվել, ինչը հիմա մենք վիճարկում ենք դատարանում: Առանց հանձնում ընդունում կատարելու պետական գրանցման դադարեցում է տեղի ունեցել»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։