Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:
Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությա մեջ ասվում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ուրուգվայի արտաքին գործերի փոխքարտուղար Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ Արքեպիսկոպոս Գլնճյանը, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Բացման ելույթով հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան:Դատապարտելով Հայոց ցեղասպանությունն իրագործողներին և հանգամանորեն ներկայացնելով մի շարք պատմական փաստեր, այդ թվում՝ Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մանրամասները, Անա Օլիվերան նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների պատճառով Հայաստանի սահմանին տիրող լարվածությունն ու անորոշությունը շարունակվում են:
‹‹Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ: Բայց նա այդ պայքարում մենակ չէ, որովհետև միջազգայինը հանրությունը կլինի նրա կողքին: Հայերն աշխարհի ոչ մի ծայրում չեն կորցրել իրենց ինքնությունը››,-նշել է Անա Օլիվերան:
Ելույթի ընթացքում Անա Օլիվերան ցուցադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Կորնիձոր տեղափոխված երեխայի կողմից արված նկարներ, որոնցում ծաղիկներ և տուն էին պատկերված:
‹‹Եթե այդքան վայրագություններ տեսնելուց հետո երեխան դեռ ունակ է սա նկարել, դա նշանակում է, որ հայերը չեն դադարելու պայքարել, իսկ մենք չենք լքելու հայ ժողովրդին››,-եզրափակել է իր ելույթը Անա Օլիվերան:
Միջոցառման շրջանակներում տեսաուղերձներով են հանդես եկել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: