120 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ կոչով եւ կառավարությունից պահանջել անվերապահորեն չեղարկել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Հայտարարությունում ասվում է, որ օրենքը դարձել է ժողովրդի նկատմամբ կառավարության բռնության, վախեցնելու եւ երկրին դավաճանելու խորհրդանիշը, տեղեկացրել է SOVA-ն։
«Վրաստանում պուտինյան կանոնները հաստատելու փորձը դավաճանություն է մեր բոլոր նախնիների եւ հայրենակիցների հանդեպ, որոնք պայքարել եւ պայքարում են Վրաստանի «ռուսացման» դեմ ավելի քան երկու հարյուր տարի։
Մինչ միջազգային հանրության կողմից դատապարտման արժանացած օրինագծի օրենք դառնալը՝ մնում է նախագահի վետոն, որը խորհրդարանը չպետք է հաղթահարի։ Մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ վրացի ժողովուրդը չի ընդունի ռուսական օրենքներ, բռնի կառավարում եւ անջատում արեւմտյան աշխարհից։
Մենք լիովին կիսում ենք Վրաստանի նախագահի դիրքորոշումը այդ օրենքի բարելավման անհնարինության մասին եւ Եվրահանձնաժողովի հայտարարությունը, որի համաձայն՝ օրենքը պետք է հետ կանչվի։ Օրենքն արդեն պարզապես իրավաբանական տեքստ չէ, այլ դարձել է ժողովրդի նկատմամբ իշխանության բռնության, վախեցնելու եւ երկրին դավաճանելու խորհրդանիշ։
Այդ բռնության զսպման եւ արեւմտյան վեկտորի փոփոխության իրավաբանական հետեւանքը կդառնան անհատական ֆինանսական պատժամիջոցները, որոնք կդրվեն նրանց վրա, ովքեր անձնական շահը վեր կդասեն երկրի սահմանադրությունից եւ իրենց ընտանիքների անդամներից։
Վրացի ժողովրդի կամքը անսասան է։ Մեր նավն ուղեւորվում է Եվրոպա։ Կրկնում ենք եւս մեկ անգամ. կառավարությունը պետք է անվերապահորեն հետ կանչի այդ օրենքը։ Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»,- նշվել է հաղորդագրությունում։