News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

2024թ. մայիսի 20-ին Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը ուղղաթիռի կործանման պատճառով, որը նախօրեին կործանվել էր Արեւելյան Ադրբեջան իրանական նահանգում։ Tasnim գործակալության տեղեկացմամբ՝ զոհերի թվում, նախագահից բացի, նաեւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն է, Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմաթին, Թավրիզ քաղաքի իմամ Մոհամադ Ալի Ալե Հաշեմը, նախագահական պահպանության պետ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մեհդի Մուսավին։

Պետության գործող ղեկավարների ավիավթարներից զոհվելու դեպքերի ժամանակագրությունը.

1940թ. սեպտեմբերի 7-ին Ալտոս քաղաքի մոտ (Կորդիլյերների դեպարտամենտ, Պարագվայ), վթարվել է Պարագվայի ռազմաօդային ուժերի Potez 25 TOE բիպլանը (համարը՝ 7), որը Ասունսիոնից ուղեւորվում էր Սան Բեռնարդինո։ Ուղղաթիռում երեք մարդ կար՝ Պարագվայի նախագահ, մարշալ Խոսե Ֆելիքս Էստիգարիբիան, նրա կինը՝ Խուլիա Միրանդա Կուետոն, եւ օդաչուն՝ Մայոր Կարմելո Պերալտան։ Նրանք բոլորը զոհվել են։

1957թ. մարտի 17-ին Բալամբան քաղաքի մոտ (Սեբու կղզի, Ֆիլիպիններ) Douglas C-47 Skytrain ուղեւորատար ինքնաթիռի վթարի հետեւանքով (գրանցման համարը՝ 2100925) զոհվել է ինքնաթիռում գտնվող 26 մարդկանցից 25-ը, ներառյալ Ֆիլիպինների նախագահ Ռամոն Մագսայսայան, մի շարք պաշտոնատար անձինք եւ լրագրողներ։ Հետաքննության արդյունքների համաձայն՝ վթարի պատճառը աջ շարժիչի կարբյուրատորի անսարքությունն էր, որը հանգեցրել էր ինքնաթիռի էլեկտրասնուցման խափանման բարձրություն հավաքելիս։

1966թ. ապրիլի 13-ին Իրաքի ՌՕՈւ de Havilland DH.104 Dove 1 ուղեւորատար ինքնաթիռը (գրանցման համարը՝ RF392) վթարվել էր Իրաքի հարավային Բասրա քաղաքի օդանավակայանից 10 կիլոմետր հեռու։ Ինքնաթիռում էր երկրի նախագահ Աբդուլ Սալամ Արեֆը, նա զոհվել է։ Վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը զինծառայողների սաբոտաժն էր, որոնք «Բաասի» կողմնակիցներ էին։

1969թ. ապրիլի 27-ին Արկե բնակավայրի մոտ (Կոչաբամբա դեպարտամենտ, Բոլիվիայի կենտրոնական մաս) ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել է Բոլիվիայի նախագահ Ռենե Բարիենդոս Օրտունյոն։ Ուղղաթիռը բախվել էր էլեկտրահաղորդման գծին։

1981թ. մայիսի 24-ին Էկվադորի ՌՕՈւ Beechcraft Super King Air ինքնաթիռը (գրանցման համարը՝ HC-BNG) մխրճվել է Գուաչանամա քաղաքի մոտ (Պերուի հարավ, Լոհա նահանգ) գտնվող լեռների մեջ։ Ինքնաթիռում էր գտնվում 12 մարդ, որոնց թվում Էկվադորի նախագահ Հայմե Ռոլդոս Ագիլերան, նրա կինը՝ Մարթա Բուկարամը եւ Էկվադորի պաշտպանության նախարար Մարկո Սուբիա Մարտինեսը։ Նրանք բոլորը զոհվել են։ Վթարի ստույգ պատճառը պարզված չէ, հետաքննությունը վերսկսվել է մի քանի անգամ։ Տարբեր ժամանակներ տարբեր վարկածներ են առաջադրվել՝ օդաչուի սխալից մինչեւ դավադրություն։

1981թ. հուլիսի 31-ին Պանամայի ՌՕՈւ թեթեւ շարժիչով De Havilland Canada DHC-6 Twin Otter ինքնաթիռը (գրանցման համարը՝ FAP205) բախվել է լեռանը եւ կործանվել վայրէջքի ժամանակ, վատ եղանակային պայմաններում, Կոկլեսիտո օդանավակայանի մոտ (Պանամայի կենտրոնական Կոկլե նահանգ)։ Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ, ներառյալ Պանամայի փաստացի ղեկավար, գեներալ Օմար Տորիխոս Էրերուն։ 1983թ. հետաքննության համաձայն՝ վթարը տեղի է ունեցել օդաչուների սխալի պատճառով։

1986թ. հոկտեմբերի 19-ին Մբուզինի գյուղից 35 կիլոմետր հեռու (Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսարեւելյան մաս) գետնին է բախվել եւ կործանվել LAM Mozambique Airlines ավիաընկերության Ту-134А-3 ուղեւորատար ինքնաթիռը (գրանցման համարը՝ C9-CAA), որը կատարում էր Մապուտու (Մոզամբիկ)-Լուսակա (Զամբիա)-Մբալա (Զամբիա) չվերթը։ Ինքնաթիռում 44 մարդ կար՝ Մոզամբիկի կառավարական պատվիրակությունը եւ խորհրդային օդաչուների անձնակազմը։ Վթարի հետեւանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում Մոզամբիկի նախագահ Սամորա Մաշելը։ Ողջ մնացածների մեջ է եղել միայն անձնակազմից մեկ հոգի՝ բորտմեխանիկ Վլադիմիր Նովոսյոլովը։ Հարավաֆրիկյան Հանրապետության հանձնաժողովի հետաքննության համաձայն՝ վթարի պատճառն օդաչուների սխալն է եղել, որոնք գիշերային պայմաններում, մառախուղի մեջ անցում են կատարել վիզուալ թռիչքի՝ անտեսելով գետնին վտանգավոր չափով մոտենալու ազդանշանները։ Վայրէջքի հետագծից շեղման հանգեցրել է ռադիոփարոսի ոչ ճիշտ կարգավորումը։

1988թ. օգոստոսի 17-ին Պակիստանի ՌՕՈւ Lockheed C-130 Hercules տրանսպորտային ինքնաթիռը (համարը՝ 23494), որտեղ գտնվում էր երկրի նախագահ Մուհամեդ Զիա-ուլ-Հակը, կործանվել է Բահավալպուր քաղաքից թռիչքն սկսելուց շատ չանցած։ Զոհվել են բոլորը՝ 31 մարդ։ Պակիստանի նախագահից բացի ուղեւորների մեջ էին երկրում ԱՄՆ դեսպան Առնոլդ Լյուիս Ռաֆելը եւ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության գլխավոր տնօրեն Աբդուր Ռահման Ահթարը, որը ղեկավարում էր աֆղանստանցի մոջահեդներին արեւմտյան ռազմական օգնության հանձնման ծրագիրը։ Ինքնաթիռը չի խփվել, պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել։ Ինքնաթիռի ինքնագրերը չեն գտել, ստույգ պատճառը այդպես էլ չի պարզվել։

1994թ. ապրիլի 6-ին Ռուանդայի Կիգալի օդանավակայանի մոտ «երկիր-երկինք» հրթիռով խոցվել է Dassault Falcon 50 ինքնաթիռը (գրանցման համարը՝ 9XR-NN), որում գտնվում էին Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան եւ Բուրունդիի նախագահ Սիփրիեն Նթարյամիրան։ Երկու ղեկավարները եւ եւս 10 մարդ, որոնք գտնվում էին ինքնաթիռում, զոհվել են։ Ինքնաթիռը վերադառնում էր Տանզանիայից, որտեղ պետությունների ղեկավարները մասնակցել էին Ռուանդայի կայունացմանը նվիրված համաժողովին։ Հանցագործություն կատարողներն այդպես էլ չեն պարզվել, սակայն ռուանդացի հութու ազգության ծայրահեղականները պատասխանատվությունը դրել են Ռուանդայի հայրենասիրական ճակատի եւ երկրում բնակվող թութսիների վրա, ինչը հանգեցրել է ցեղասպանության Ռուանդայում, որի զոհ դարձավ մոտ 1 մլն մարդ։

2004թ. փետրվարի 26-ին բոսնիական Մոստար քաղաքի մոտ կործանվել է Beechcraft Super King Air 200 ինթնաթիռը (գրանցման համարը՝ Z3-BAB), որտեղ գտնվում էր Մակեդոնիայի նախագահ Բորիս Տրայկովսկին։ Նախագահի հետ միասին զոհվել են վեց մարդ նրա շրջապատից եւ անձնակազմի երկու անդամ։ Վթարը տեղի է ունեցել օդաչուների վատ պատրաստվածության եւ վատ եղանակային պայմանների պատճառով։

2010թ. ապրիլի 10-ին Լեհաստանի Հանրապետության Օդային ուժերի ավիագնդի Ту-154М ուղեւորատար ինքնաթիռը (համարը՝ PLF 101), որը կատարում էր Վարշավայից Սմոլենսկ հատուկ չվերթը, կործանվել է վայրէջք կատարելիս «Սմոլենսկ-Սեւերնի» օդանավակայանում։ Ինքնաթիռում գտնվում էին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին եւ լեհական քաղաքական եւ ռազմական էլիտայի ներկայացուցիչների պատվիրակությունը, որը մեկնում էր մասնակցելու Կատինի զոհերի հիշատակի արարողությանը։ Աղետը տեղի է ունեցել խիտ մառախուղի պատճառով։ Ինքնաթիռն իջել է թույլատրելիից ցածր, ձախ թեւով բախվել կեչու գագաթին, գետնին ընկել 200-300 մետր հեռու թռիչքուղուց եւ կործանվել։ Զոհվել են բոլոր 89 ուղեւորները եւ անձնակազմի յոթ անդամները։ Միջպետական ավիացիոն կոմիտեի,  Լեհաստանի ՆԳՆ ավիավթարների հետաքննության հանձնաժողովի եւ Լեհաստանի Գերագույն վերահսկիչ պալատի փորձագետների եզրակացության համաձայն՝ աղետի պատճառը օդաչուների սխալներն են եղել եւ թռիչքի կազմակերպման թերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ