Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի, դա սուտ տեղեկություն է. Տավուշի մարզպետարանի աշխտակազմը հայտարարությամբ հանդես է եկել: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Կիրանց գյուղում սննդի խնդիր կա, քանի որ առաքիչներին չեն թողնում գյուղ մտնել:
«Կիրանցում նոր ճանապարհի կառուցման նպատակով տեխնիկա է տեղափոխվում, որ սկսվի»,-ասաց նա:
Ղալումյանն ասաց, որ տեղեկություն չունի գիշերը Կիրանցում սահմանային սյուների տեղադրման մասին:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել է ներքաղաքական իրավիճակը, որ վարչապետի հրաժարականի գաղափարի շուրջ կոնսոլիդացիա է տեղի ունենում, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ես կոնսոլիդացիա չեմ տեսնում: Նման հարց ՔՊ-ում չի քննարկվել: Եթե անհրաժեշտություն լինի, անպայման կքննարկվի, բայց այս պահին նման անհրաժեշտություն չկա»:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու հեռանկարին, նա ասաց. «Ես գիտեմ, որ նման բան նախաձեռնել էին, բայց չսկսեցին: Թե ինչու, իրենց կարող եք հարցնել»:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հնարավոր հանդիպման մասին էլ ասաց. «Երբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները»:
Նշենք, որ Կիրանց տանող ճանապարհը փակ է, այն բաց է միայն Կիրանցի բնակիչների համար: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր իր համակիրների հետ մեկնել է Կիրանց, սակայն նրան թույլ չեն տվել մտնել գյուղ: