News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հայտնել են, որ իրենք «արժանահավատ» չեն համարում Իսրայելի հավաստիացումները, որ նա ԱՄՆ-ից ստացված զենքերն օգտագործում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, ասվում է Պետդեպարտամենտի ներքին հաղորդագրության մեջ, որին ծանոթացել է Reuters-ը:

Այլ պաշտոնյաներ աջակցություն են հայտնել Իսրայելի ներկայացուցչությանը:

Նախագահ Ջո Բայդենի փետրվարին հրապարակած Ազգային անվտանգության հուշագրի (NSM) համաձայն, մինչև մայիսի 8-ը Բլինքենը պետք է Կոնգրեսին զեկուցի, թե արդյոք, իր կարծիքով, Իսրայելի այն հավաստիացումները, թե ամերիկյան զենքի օգտագործումը չի խախտում ԱՄՆ կամ միջազգային իրավունքը, արժանահավատ են:

Մինչև մարտի 24-ը Պետդեպարտամենտի առնվազն յոթ բյուրո Բլինքենին ուղարկել էր իր  նյութերը  նախնական  «հուշագրի տարբերակների» վերաբերյալ։ Հուշագրի որոշ հատվածներ  գաղտնի են պահվել:

Զեկուցագրին կից նյութերն այսօր ավելի ամբողջական պատկեր են ստեղծում Պետդեպարտամենտի ներսում առկա տարաձայնությունների մասին, այն հարցի վերաբերյալ, թե Իսրայելը կարող է, արդյոք, խախտել միջազգային մարդասիրական իրավունքը Գազայում:

«Պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաներ հանդես են եկել Իսրայելի հավաստիացումներն ընդունելու, ոմանք՝ դրանք մերժելու օգտին, իսկ մյուսները ոչ մի դիրքորոշում չեն ունեցել»,- գործակալությանն ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Չորս բյուրոյի եզրակացության մեջ ասվում է, որ Իսրայելի հավաստիացումները «արժանահավատ չեն»: Փաստաթղթում ներկայացվել է Իսրայելի ռազմական գործողությունների ութ օրինակ, որոնք, ըստ պաշտոնյաների, «լուրջ հարցեր» են առաջացնում միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ:

Դրանց թվում են՝ պահպանվող օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա բազմակի հարձակումները, «քաղաքացիական բնակչությանը հասցված վնասի չարդարացված բարձր մակարդակը՝ հանուն ռազմական շահի»,  չնչին գործողությունները՝ չարաշահումները հետաքննելու կամ քաղաքացիական բնակչությանը հասցված զգալի վնասի համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար և «մարդասիրական օգնության ոլորտի աշխատակիցների և լրագրողների աննախադեպ թվով սպանությունները»։  

Քաղաքական և ռազմական հարցերով բյուրոյի կողմից ներկայացված մեկ այլ փաստաթղթում, որը վերահսկում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու զենքի փոխանցումը, Բլինքենը զգուշացրել է, որ ԱՄՆ զենքի մատակարարումների կասեցումը կսահմանափակի Իսրայելի հնարավորությունը՝ հակազդելու իր օդային տարածքից դուրս հնարավոր սպառնալիքներին և Վաշինգտոնից կպահանջի վերագնահատել Իսրայելին զենքի «բոլոր ընթացիկ ու ապագա» վաճառքները»։

ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքի ցանկացած դադարեցում կհանգեցնի «Իրանի և նրա հետ կապված զինյալների կողմից սադրանքների», ասվում է բյուրոյի հաղորդման մեջ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ