Ակադեմիական քաղաքը կհաշվարկվի 50 հազար մարդու համար։ Որոշ ուսանողներ եւ դասախոսներ կգան ու կգնան, ոմանք կապրեն այնտեղ։ Այս մասին Վերակառուցման եւ եւ զարգացման եվրոպական բանկի ժողովում մայիսի 15-ին ասել է կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա տեղեկացրել է, որ մինչեւ հունիսի վերջ պատրաստ կլինի քաղաքի հատակագիծը։ Նախարարը հավաստիացրել է, որ տեխնոլոգիական ընկերությունները հետաքրքրված են եւ ցանկանում են ներկայացված լինել այնտեղ։ Նրա խոսքով՝ առաջին բուհերն ակադեմիական քաղաքում կսկսեն գործել 5 տարի հետո։
«Տարածքը կազմում է 700 հեկտար, մոտ է Երեւանին, բայց Երեւանում չէ։ Այն շատ հասանելի կլինի երկրի երեք մարզերի բնակիչների համար, մոտ է երկու օդանավակայաններին եւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհին։ Մեր նպատակը հետազոտական բաղադրիչի ամրապնդումն է բուհերի գործունեությունում։ Դրա համար պայմաններ են անհրաժեշտ։ Ակադեմիական քաղաքը հենց այդ լուծումն է»,- ավելացրել է նա։
Նրա կարծիքով՝ կրթության ոչ ֆորմալ ձեւը պետք է ինտեգրվի ֆորմալին, երկու ձեւերը պետք է դառնան միասնական համակարգի մասեր։
«Մենք սկսել ենք իրականացնել պիլոտային դասընթացներ արհեստական բանականության վերաբերյալ։ Հայաստանը դարձել է առաջին երկրներից մեկը, որտեղ որոշվել է ներդնել այդ ուղղությունը»,- նշել է Անդրեասյանը։