News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Իրաքի հետ սահմանակից Շրնաք նահանգի Ուլուդերեյի (Ռոբոսկի) շրջանում 2011-ի դեկտեմբերի 28-ի երեկոյան թուրքական զինվորական օդանավերի կողմից ռմբակոծության հետեւանքով կոտորված 34 քուրդ երիտասարդների հիշատակի սգո միջոցառմանը մասնակցած Ստամբուլի Յեշիլքոյի հայկական դպրոցի տնօրեն Կարո Պալյանը հետաքրքիր դեպք է ներկայացրել։

Ռոբոսկիի կոտորածի հետ կապված զարգացումներին մոտիկից հետեւող եւ բացահայտմանն ուղղված աշխատանքներով հայտնի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես»-ի անդամ, ստամբուլահայ Կարո Պալյանը կառույցի մյուս անդամների հետ Ուլուդերեի շրջան այցից հետո հանդես են եկել հայտարարություններով։

Կարո Պալյանը, ներկայացնելով Ուլուդերեի կոտորածի բացահայտման աշխատանքների տարբերակները, Ռոբոսկի գյուղում իր հետ տեղի ունեցած մի փոքրիկ դեպքի մասին է պատմել։ «Երբ գյուղում իջանք մի այգի, իմ կողքից չհեռացող մի տարեց մարդ, ով սպանված երիտասարդներից մեկի հայրն էր, ինձ ասաց. «Սա Կարապետի այգին է, կողքինը՝ Պետրոսինը, մյուսը՝ Հովհաննեսինը։ Սա հայկական գյուղ է։ Իմ պապը, մյուսների պապերը կոտորեցին բոլոր հայերին։ Դրա համար Աստված մեզ պատժեց»,-ասաց տարեց մարդը եւ սկսեց հոնգուր-հոնգուր արտասվել»,-պատմել է Կարո Պալյանը՝ շեշտելով, որ հանցանքը անպատիժ մնալու դեպքում կրկնվում է։

Նշենք, որ 2011-ի դեկտեմբերի 28-ի երեկոյան Թուրքիայի օդուժերին պատկանող F-16 կործանիչները ռմբակոծել են Իրաքից Թուրքիա մաքսանենգ ապրանք ներկրող մի խմբի:

Ռմբակոծության հետեւանքով սպանվել է 34 քուրդ երիտասարդ: Անկարան նշել է, թե քաղաքացիական անձանց շփոթել են PKK-ի զինյալների հետ եւ հարվածել նրանց: Սպանվածները եղել են  Շըրնաք նահանգի Ուլուդերեյի շրջանի գյուղերի բնակիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ