«Մատաղիսի» գործով տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդը՝  Արթուր Եղիազարյանը, պահանջում է, որ այս գործով վերջերս արդարացված երեք երիտասարդները` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանը եւ Մուսա Սերոբյանը հայտնվեն ճաղերի ետեւում: Նրանք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը անօրինական են համարում եւ այն բողոքարկել են  Վերաքննիչ դատարանում, որպեսզի վերանայեն ամբողջ գործը:

Նրանք իրենց վրդովմունքը հայտնեցին երեք երիտասարդների ազատ արձակման վերաբերյալ՝ վստահորեն պնդելով, որ հենց իրենք են մարդասպանները, իսկ նրանց փաստաբան Զարուհի Փոստանջյանին անվանեցին մարդասպանների փաստաբան եւ կարծում է, որ նրա ետեւում կանգնած են լիքը մարդիկ, այդ թվում՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ոնց կարող է տասնհինգ տարվա ազատազրկված երեխաներին, որ ցմահ էին տվել, ազատ արձակեցին դատարանից դահլիճից: Էս ինը տարվա վերջ չկարողացան գտնել, թե ով է արել, էս հարցին լուծում պետք է լինի, թե ոչ»,- հայտարարեց Ռոման Եղիազարյանի հորաքույրը՝ Հայկուհի Եղիազարյանը:

Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհար Մելքոնյանը պատմեց, որ ողջ ընթացքում իրեն փորձել են «գնել», տարբեր մարդիկ  էին գալիս այսպես ասած «համագործակցելու, համաձայնության գալու» համար, բայց իրենք ասացին, որ իրենց երեխայի արյունը չի ծախվելու:  «Մատաղիսի» գործով մյուս տուժողի՝  Հովսեփ Մկրտումյանի ծնողը, Արթուր Եղիազարյանի խոսքով, «հազար տոկոսով ծախված է», երկար ժամանակ չի մասնակցել դատավարություններին, այցելել էր գործով նախկին մեղադրյալ Ռազմիկ Սարգսյանենց տուն եւ փորձում էր Ռոման Եղիազարյանի հարազատներին համոզել այցելել նրանց, զրուցել:

Ռոման Եղիազարյանի հարազատները նշեցին, որ այս գործով համաձայն են դատախազների հետ եւ կարծում են, որ մարդասպանները Արայիկ Զալյանն է,  Ռազմիկ Սարգսյանը եւ Մուսա Սերոբյանը: Նա նաեւ սկավառակ էր բերել, որտեղ Ռազմիկ Սարգսյանը նախկին զինդատախազ Գագիկ Ջանգիրյանի կաբինետում խոստովանողական ցուցմունք է տալիս:

Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, այսօր` դեկտեմբերի 18-ին արդարացման դատավճիռ է կայացրել հայտնի «Մատաղիսի» գործով մեղադրվող երեք երիտասարդների` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Մուսա Սերոբյանի նկատմամբ: Դատարանը որոշել է գործն ուղարկել նոր քննության եւ հայտնաբերել իրական մեղավորներին:

Դատարանն արդեն 4 տարի քննում էր աղմկահարույց այս գործը` նրանց մեղադրելով Մատաղիսի զորամասում 2003 թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին ծեծի ենթարկելու եւ սպանելու մեջ: Մեղադրողը կողմը  միջնորդել էր Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրօր 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով ու դատապարտել 7 տարվա ազատազրկման, Արայիկ Զալյանին եւ Մուսա Սերոբյանին նույն մեղադրանքով դատապարտել 8-ական տարվա ազատազրկման։

Պաշտպանական կողմը ապացուցել է, որ մեղադրանքի հիմքում դրված է միայն Ռազմիկ Սարգսյանի կեղծ ինքնախոստովանական ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների եւ բռնության միջոցով, ինչի մասին բազմիցս հայտարարել են մեղադրյալները: