News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությունը, նախնական տեղեկություններով, արդեն ավարտվել է: Այս մասին հայտնել է Պարույր Հայրիկյանի դուստրը` Նարե Հայրիկյանը` նշելով, որ այն լավ է անցել:  Դեռեւս բժիշկները դուրս չեն եկել, լրագրողների հետ չեն զրուցել:

Ի դեպ, շարունակում են Պարույր Հայրիկյանին այցելել հայտնի պաշտոնյաններ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Նրան այցելած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ  այս սադրանքի պատասխանը կլինի հենց այն, որ «մենք չենք շփոթվի, առաջիկա ընտրություններում մեր պարտքը կկատարենք եւ յուրաքանչյուրս կընտրի իրեն ցանկալի, իր համար ֆավորիտ թեկնածուին»:

Հարցին, թե իր կարծիքով, ո՞ւմ էր ձեռնտու այս սադրանքը, նա չկարողացավ  պատասխանել, ասելով. «Որեւէ տարբերակ չի կարելի բացառել, բայց թե ում էր ձեռնտու, կդժվարանամ ասել, ինչու չէ` նաեւ արտաքին ուժերի, ամեն ինչ հնարավոր է: Ես հեռու եմ այն կարծիքից, որ այս պահին այդ հարցին միանշանակ կարելի է պատասխանը տալ: Բայց ակնհայտ է, որ սա սադրանք էր եւ պետականության եւ ժողովրդավարությանը: Դրանում մի րոպե անգամ չեմ կասկածում»,- ասաց նա:

Խոսրով  Հարությունյանի կարծիքով` նպատակն այն էր, որ մեր քաղաքական իրականության մեջ առաջին անգամ ականատես ենք լինում մի մրցապայքարի, որտեղ բոլորն ինչ-որ մեկի դեմ չեն պայքարում: «Այս հանդուրժողական մթնոլորտը հավանաբար ոմանց ձեռք չէր տալիս: Առաջին անգամ ընտրությունների ընթացքում մեր հանրությունը երկփեղկված չէ, մագնիսացված չէ: Եթե մտովի տեղափոխվենք 2008 կամ այլ ընտրություններ, ընկերներ են իրարից խորթացել: Այդ միջավայրը չկար: Այս ամենը, ինչ տեսնում էինք, ենթադրում եմ, որ ինչ-որ մեկին կամ ոմանց դուրս չէր գալիս»,- նշեց պատգամավորը:

Իսկ թե ինչու հենց  Հայրիկյանը, նա դժվարացավ պատասխանել` ասելով, որ ինքն էլ կցանկանար իմանալ այդ հարցի պատասխանը: «Միգուցե որ նա իր անցած ուղիով, անկախության սիմվոլն էր, դրանով փորձ են անում հարվածել նույն անկախության գաղափարին, որ անկախ Հայաստանը կենսունակ չէ: Այդ հարցի պատասխանը ես ինքս էլ եմ փնտրում ինձ համար: Սա առավել քան տարօրինակ է: Նույնիսկ միջավայրն այդպիսին չէր, մրցակիցները որեւէ ատելություն կամ դժկամություն չունեին: Առաջին անգամ տեսնում ենք, որ մրցակիցներն իրենց առավելությունը մրցակցին սևացնելու  ցեխ շպրտելու միջոցով չեն անում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Ի դեպ, այստեղ է գտնվում նաեւ «Ժառանգություն» անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել  են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ