Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրում թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական Բեեր Շևայի «Հապոելի» հանդիպումը տրիբունաներում անկարգությունների պատճառով ընդհատվել է 35 րոպեով, հայտնում է «Չեմպիոնատ» մարզական պորտալը։
Հանդիպումն անցկացվել է Վրաստանում՝ Թուրքիայի իշխանությունների խնդրանքով, քանի որ Թուրքիայում չի հաջողվել երաշխավորել իսրայելական թիմի անվտանգությունը։
Բախումների առիթ է դարձել Պաղեստինի դրոշը, որը պարզել է թուրք երկրպագուներից մեկը։ Երբ անվտանգության աշխատակիցները փորձել են խլել դրոշը, «Բեշիկթաշի» մյուս երկրպագուները պաշտպանել են նրան։ Երկրպագուները սկսել են պոկել նստատեղերն ու նետել դրանք վրացի ոստիկանների ուղղությամբ, որոնք արցունքաբեր գազ են կիրառել։
Մրցավարը դադարեցրել է խաղը 25-րդ րոպեին՝ 0։0 հաշվի պայմաններում։ Ավելի ուշ հանդիպումը վերսկսվել է։
Անկարգությունների առնչությամբ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլու հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։





























