Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ՌԴ արկտիկական գոտու զարգացման և տարածաշրջանում ազգային անվտանգության ապահովման ռազմավարությունը, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Փաստաթուղթը նախատեսված է մինչև 2035 թվականն ընկած ժամանակահատվածի համար և մինչև 2050 թվականի հեռանկարով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում։
Ռազմավարության մեջ նշվում է Արկտիկայում հումքային, տրանսպորտային և այլ նախագծերի նկատմամբ այլ պետությունների հետաքրքրության աճը։ Փաստաթղթի համաձայն՝ տարածաշրջանի տնտեսական և ռազմաքաղաքական նշանակությունը մեծանում է «բազմաբևեռ աշխարհակարգի նոր ճարտարապետության, կանոնների և սկզբունքների» ձևավորման ֆոնին։
Ռազմավարությունը ներառում է յոթ առաջնահերթ ուղղություն։ Դրանց թվում են ազգային անվտանգության և ինքնիշխանության ապահովումը, բնակչության կյանքի որակի բարձրացումը, հանքահումքային կենտրոնների զարգացումը, տեխնոլոգիական և արդյունաբերական աճը։ Առանձին ուշադրություն է հատկացվում Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի (ՏՏՄ) զարգացմանը, որը դիտարկվում է որպես ռազմավարական նշանակություն ունեցող ազգային և միջազգային երթուղի։
Վեց ամսվա ընթացքում կառավարությունը պետք է մշակի Ռուսաստանի արկտիկական գոտու և Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի զարգացման համալիր նախագիծ և այն ներկայացնի նախագահին առընթեր ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդին։
Բացի դրանից, կառավարությունը պարտավոր է ապահովել ռազմավարության իրականացումը և ամեն տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 15-ը, նախագահին զեկույց ներկայացնել աշխատանքի արդյունքների վերաբերյալ։
Ռազմավարությունը կիրականացվի փուլերով։ Առաջին փուլն ընդգրկում է 2026–2030 թվականները, երկրորդը՝ 2031–2035 թվականները։ Հաջորդ փուլերը նախատեսված են վեցամյա ժամանակահատվածների համար։
Պուտինը հունիսին հանձնարարել էր արագացնել Արկտիկայի զարգացման ռազմավարության մշակումը՝ հայտարարելով տարածաշրջանում բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։
Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Չեկունկովն ավելի վաղ «Коммерсантъ»-ին հայտնել էր, որ ռազմավարությունը նախատեսում է 32 տրիլիոն ռուբլի ընդհանուր արժեքով 271 ներդրումային նախագծի իրականացում։ Այդ գումարից 30 տրիլիոն ռուբլին պետք է կազմեն մասնավոր ներդրողների միջոցները։





























