Բուդապեշտի քաղաքապետ Գերգեյ Կարաչոնն առաջարկել է քաղաքում ամբողջությամբ հրաժարվել զբոսաշրջիկներին բնակարանների կարճաժամկետ վարձակալությունից՝ բնակարանների սեփականատերերին և մյուս շահագրգիռ կողմերին տրամադրելով 10–15 տարվա անցումային շրջան։ Որոշման մասին նա հայտարարել է Հունգարիայի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի (MSZÉSZ) ընդհանուր ժողովում, հայտնում է Turizmus.com-ը։

Ըըստ Կարաչոնի՝ ինքը չէր ցանկանա, որ Բուդապեշտում, ինչպես մյուս քաղաքներում, որտեղ զանգվածային զբոսաշրջությունը վատթարացրել է տեղացիների կենսապայմանները, ուժեղանան հակազբոսաշրջային տրամադրությունները։ Այդ պատճառով նա հանդես է գալիս զբոսաշրջային հոսքերի առավել կշռադատված կառավարման օգտին։

Քաղաքապետն ընդգծել է, որ Բուդապեշտը կարող է հյուրերին առաջարկել շատ ավելին, քան երեկույթներն ու գիշերային կյանքը։ Նրա կարծիքով՝ գիշերակացերի թվի ավելացմանը զուգահեռ անհրաժեշտ է հասնել նաև զբոսաշրջիկների ծախսերի աճին։ Կարաչոնը կարծում է նաև, որ պատշաճ կարգավորման դեպքում հյուրանոցային ոլորտը կկարողանա բավարարել այն ճանապարհորդների պահանջարկը, որոնք այժմ նախընտրում են Airbnb-ն։

Բացի դրանից, Բուդապեշտի իշխանությունները մտադիր են կառավարության հետ համատեղ քաղաքը որպես զբոսաշրջային ուղղություն կառավարող կազմակերպություն ստեղծել։ Դրան կից նախատեսվում է ձևավորել զբոսաշրջության և այցելուների տնտեսության հարցերով խորհուրդ, որտեղ ոլորտի ներկայացուցիչները կկարողանան համատեղ սահմանել զբոսաշրջության զարգացման առաջնահերթությունները։ Կարաչոնը Հունգարիայի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիային կոչ է արել իր ներկայացուցիչներին պատվիրակել այդ մարմին։

Նախաձեռնության նպատակն ավելի հավասարակշռված զբոսաշրջային մոդելի ստեղծումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել Բուդապեշտի հնարավորությունները և հաշվի առնել թե՛ ոլորտի, թե՛ տեղացիների շահերը։ Քաղաքապետը նշել է, որ Բուդապեշտին, որտեղ ձևավորվում է Հունգարիայի ՀՆԱ-ի ավելի քան մեկ երրորդը, բաժին է ընկնում երկրի զբոսաշրջային տնտեսության զգալի մասը։