Էստոնիան առաջիկա տարիներին չի նախատեսում ընդունել նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար դատապարտված նոր անձանց, հայտնում է ERR-ը։

Իշխանությունները դա բացատրում են նրանց պահման բարձր ծախսերով, որոնք ամբողջությամբ ընկնում են էստոնացի հարկատուների վրա։ Այժմ Տալլինի բանտում պատիժ են կրում չորս նման բանտարկյալներ․ դա Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։

Ըստ Էստոնիայի բանտային դեպարտամենտի ղեկավար Տիինա Ունուկսի՝ միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են դատապարտյալներին էստոնական բանտերում տեղավորելու հնարավորությամբ՝ պահման ժամանակակից պայմանների և ազատ տեղերի առկայության շնորհիվ։ Սակայն իշխանությունները մտադիր են կենտրոնանալ սեփական բանտարկյալների և Շվեդիայի հետ համագործակցության վրա, այլ ոչ թե ընդլայնել միջազգային տրիբունալների կողմից ռազմական հանցագործությունների համար դատապարտված անձանց ընդունման ծրագիրը։

Մեկ բանտարկյալի պահման ծախսերը բանտային ծառայության բյուջեի համար ամսական միջինը կազմում են 3500–3700 եվրո։ Ռազմական հանցագործությունների համար դատապարտվածների դեպքում ծախսերն ավելի բարձր են․ պետությունը պետք է նրանց ապահովի թարգմանիչների ծառայություններով, մայրենի լեզվով մամուլով և հեռուստաալիքներով։ Լրացուցիչ բեռ են ստեղծում բանտարկյալների տարիքն ու դրա հետ կապված բժշկական ծախսերը, ինչպես նաև դատական և դատախազական ծախսերը։

Էստոնիայի բանտերում պատիժ են կրում Սերբական Կրաինայի Հանրապետության նախկին նախագահ Միլան Մարտիչը, բոսնիացի սերբերի բանակի գեներալ Դրագոմիր Միլոշևիչը, ռազմականացված ստորաբաժանման նախկին հրամանատար Միլան Լուկիչը և բոսնիացի սերբերի բանակի Դրինայի կորպուսի նախկին հրամանատար Ռադիսլավ Կրստիչը։ Վերջինս դատապարտվել է 1995 թվականին Սրեբրենիցայում իրականացված ցեղասպանությանն օժանդակելու համար և 2025 թվականի ապրիլին ժամանել է Էստոնիա՝ 35-ամյա պատժաժամկետի մնացած մասը կրելու նպատակով։

Միաժամանակ նոր դատապարտյալներ ընդունելուց հրաժարվելը չի վերաբերում հնարավոր ռուս ռազմական հանցագործներին, եթե Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով համապատասխան դատավճիռներ ընդունվեն։ Ունուկսն ընդգծել է, որ Էստոնիան պատրաստ է քննարկել նման տարբերակը և օգնել Ուկրաինային։

Նա առանձին պարզաբանել է, որ Շվեդիայից բանտարկյալների տեղավորումն Էստոնիայում իրականացվում է այլ պայմաններով․ ծախսերը ծածկվում են երկկողմ համաձայնագրի և նախատեսված բյուջեի շրջանակում։ Ուստի Շվեդիայի հետ համագործակցությունը նախկին Հարավսլավիայում հանցագործությունների համար դատապարտված նոր անձանց ընդունելուց հրաժարվելու պատճառը չէ։