Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը կոչ է արել թիրախային պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի իշխանությունների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին։
«Պաատա Բուրչուլաձեի գործը և քաղբանտարկյալները «Վրացական երազանքի» վարչակարգի օրոք» համապատասխան բանաձևն ընդունվել է նոյեմբերի 26-ին՝ 441 կողմ և 47 դեմ ձայներով։ 86 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել։
Փաստաթղթում Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում պահպանել Վրաստանում տիրող իրավիճակի նկատմամբ համակարգված մոտեցումը և կրկին հանդես է գալիս ժողովրդավարության, իրավունքի գերակայության խաթարման և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ թիրախային պատժամիջոցներ սահմանելու օգտին՝ ներառյալ ակտիվների սառեցումը և Եվրամիություն մուտքի արգելքը։
Այդ անձանց թվում նշված են Իվանիշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Կոչը վերաբերում է նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների, դատախազների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների։
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտել է օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի և ընդդիմադիր քաղաքական գործիչներ Իրակլի Նադիրաձեի ու Պաատա Մանջգալաձեի նկատմամբ կայացված դատավճիռները։ Պատգամավորները պահանջել են նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների և ապօրինի ազատազրկված անձանց ազատ արձակումը՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։
Բացի դրանից, Եվրախորհրդարանը Վրաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել մշակույթի գործիչների, ընդդիմության ներկայացուցիչների, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումն ու դատական ճնշումները։ Բանաձևում նաև պահանջվում է անկախ հետաքննություն անցկացնել բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման, ահաբեկման և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումների առնչությամբ։
Եվրախորհրդարանը վերահաստատել է իր աջակցությունը վրաց ժողովրդին և նրա ժողովրդավարական ձգտումներին՝ ընդգծելով, որ իրավունքի գերակայության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և հիմնարար իրավունքների պահպանումն անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Վրաստանի հետագա առաջընթացի համար։





























